

Կառավարությունը հավանություն տվեց «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացրած` Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6.57 հա մակերեսով հողամասում իրականացվելիք բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագրին:
Գործադիրը նաև համաձայնություն տվեց այդ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն:
«Արդյունքում կընդլայնվի բնակարանաշինական ծրագրերի շրջանակը, և բոլոր կարիքավոր երիտասարդ մասնագետները մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու հնարավորություն կունենան: Ծրագրի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը», — ասված է հաղորդագրությունում։
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, ավանը կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։
Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ դրամ և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018-ի ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021-ի հուլիսի 1-ին։




