
լրացված 17.42

Այսօր առավոտյան շատերը ականատես եղան մառախուղի նմանվող փոշու ամպին։
ԱԻՆ- ից ավելի ուշ հայտնեցին, որ հանրապետության տարածքում դիտված փոշու ամպը ներթափանցել է Իրաքի անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների հետ և իրենից վտանգ չի ներկայացնում։
«Ռադիոլուրն» է անդրադարձել ինչպես անվտանգ, այնպես էլ վտանգավոր փոշու ամպերին, օդի աղտոտվածության հետևանքներին:
Այսօր առավոտյան հանրապետության տարածքում դիտված փոշու ամպը Իրաքի անապատներից էր ներթափանցել արևադարձային տաք օդային հոսանքների հետ՝ ֆեյսբուքյան էջում գրել էր Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ միաժամանակ հանգստացնելով՝ այն որևէ վտանգ չի ներկայացնում։ Ավելի ուշ, ինչպես կանխատեսվել էր օդերեւութաբանը, փոշու ամպը ցրվեց, քանի որ կեսօրից օդային հոսանքները պետք է նահանջեին, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին։
ՀՀ տարածք փոշու մեծամասշտաբ ներթափանցումը դիտվում է տարեկան 2- 3 անգամ եւ դրանք վտանգավոր չեն, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արսեն Ղազարյանը:
Փոխարենը՝ արդեն սովորական է դարձել մեր երկրի ներսում առկա փոշին, որը հիմնականում դիտվում է ամռան ամիսներին: Ի տարբերություն անապատներից ներթափանցողի, մեր, այսպես ասեմ, տեղական փոշին կարող է բավականին վտանգավոր լինել մարդու և շրջակա միջավայրի համար:
Պատճառն իհարկե տարեց տարի պակասող կանաչ տարածքներն են: Օդի աղտոտվածությունը կվերանա, երբ բնությունը վերականգնվի, ասում է Արսեն Ղազարյանը: Իսկ բոլոր այն թփերն ու ծաղիկները, որոնք տնկվում են Երևանի փողոցներում, դրանք ընդամենը քաղաքի էսթետիկ տեսքը պահպանելու համար են, որևէ կապ չունեն կանաչ տարածքների վերականգնման հետ:
Օդի աղտոտվածության հիմնական պատճառն, իհարկե, կանաչ տարածքների հատումն է, համաձայնում է բնապահպան Կարինե Դանիելյանը և միևնույն ժամանակ ավելացնում՝ օդի աղտոտվածությունը կանաչ տարածքների վերացման միակ հետևանքը չէ:
Ինչ վերաբերում է գունավոր անձրևներին, կենսաբանության ֆակուլտետի փոխդեկանը մեր տարածաշրջանում առանձնացնում է անձրևների մի քանի տեսակ, որոնք ևս կարող են առաջանալ օդի աղտոտվածությունից:
Նմանատիպ անձրևները ինչպես կենդանիների և բույսերի համար են վնասակար, այլև բավականին լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Արսեն Ղազարյանի փոխանցմամբ՝ դրանք կարող են վնասել մարդու մաշկն ու շնչուղիները:




