ԿարևորՔաղաքական

Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ

հրապարակված 12.15
լրացված 18.02

Սահմանադրական դատարանի նոր նախագահը Հրայր Թվմասնյանն է: Խորհրդարանում այսօր  64 պատգամավոր կողմ է քվեարկել նրա թեկնածությանը: Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնում տեսնելուն դեմ է եղել 27 պատգամավոր:  Ազգային ժողովը ՍԴ նախագահ նշանակելու մասին հարցը քննարկել էր երեկ, այսօր կազմակերպվել է քվեարկությունը:

Ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և  «Որոգայթ փառաց»-ից  մեջբերում անելով՝  խոստացել ամեն ինչ անել Սահմանադրական դատարանի լավ նախագահ լինելու համար:  

Իսկ մինչև քվեարկությունը խորհրդարանը հասցրել է քվեարկել երեկ քննարկված բոլոր  հարցերն ու սպառել օրակարգը:

Խորհրդարանն այսօր շուրջ 10 րոպե աշխատեց, համարյա 50 րոպե քվեարկեց ու ավարտեց մարտի 20-ին մեկնարկած լիագումար նիստերի աշխատանքը: Քննարկման արագությամբ  ԱԺ-ն այս անգամ գերազանցեց  իր նախկին  բոլոր ցուցանիշները. լիագումար նիստերի ամբողջ օրակարգը սպառեց 1 օրվա ընթացքում:  Իսկ օրակարգում 25 հարց էր՝ այդ թվում, օրինակ,  Ընտրական օրենսգրքի փոփոխությունները  կամ «Միջազգային պայմանագրերի մասին» մայր օրենքը, որին կից նույն փաթեթում 35 օրինագծում առաջարկվող փոփոխություններ են : Միայն  այդ փաստի համար «Ելք»-ից Գևորգ Գորգիսյանը հայտարարեց,  որ դեմ են քվեարակում:

«Պարոնայք, բերվել է մայր օրենք ՝ հարակից 35 օրենքներով, և սա քննարկվել է  1-ժամյա ռեժիմով: Ես հասկանում եմ, որ այստեղ կան մարդիկ, որոնք չեն ուզում աշխատել, բայց կան մարդիկ որոնք ցանկանում են քննարկել այս ամեն ինչը: Միայն դրա համար մենք այս օրենքի դեմ ենք քվեարկելու»:

Հարցերի քննարկման տևողությունն ու հերթականությունը սահմանում է ԱԺ խորհուրդը, որոշ դեպքերում ՝ քննարկման հատուկ ռեժիմ  նախատեսելով : Իսկ ընդհանուր առմամբ հարցերի քննարկման ժամանակը նկատելիորեն կրճատվել է ԱԺ նոր կանոնակարգով: Դրանով սահմանվել է նախագծի քննարկման հստակ տևողություն՝ 1 ժամ, առանձին դեպքերում՝ 90 րոպե:

Նախկինում հարցի քննարկման ժամանակն անսահմանափակ էր : 4 անգամ կրճատվել է նաև հարցը զեկուցողներին հատկացվող ժամանակը՝ 5 րոպե նախկին 20-ի փոխարեն: Հարցերին և պատասխաններին հիմա տրվում է ընդամենը 1, իսկ ելույթներին՝  2 րոպե՝ նախկին 10-ի փոխարեն:

Այս  փոփոխությունը շատ տեսանելի է համեմատության մեջ:  Նախորդ գումարման Ազգային ժողովը հակառակ ծայրահեղության մեջ էր՝ քննարկումների չսահմանփակվող տևողությունը երկարաձգում էր խորհրդարանի աշխատանքը: Օրինակ, միայն ՀՀ գլխավոր դատախազի հաղորդումը  նախորդ գումարման խորհրդարանը քննարկել է գրեթե  մի ամբողջ քառօրյա  կամ համարյա 4 օր: Այս գումարման խորհրդարանը 1 օրում կարողանում է սպառել ամբողջ օրակարգը ու սրանից դժգոհ է հատկապես խորհրդարանական ընդդիմությունը:

Խորհրդարանն այսօր ընդունեց  երեկ քննարկված օրակարգային բոլոր հարցերը  ՝ բացի մեկից: «2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելք»-ի  հայտարարության նախագիծը մերժվեց  ձայների 56 դեմ, 9 կողմ,  7 ձեռնպահ հարաբերակցությամբ:  Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը  հայտարարեց , որ  կիսում են Մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը, բայց վերապահումներ ունեն նախագծի իրավական հիմնավորումների  վերաբերյալ:

«Ելք»-ն առաջարկում էր հայտարարությամբ դատապարտել մարտի 1-2-ի իրադարձությունները , հորդորել դատախազությանը վերնայել մեղադրական դատավճիռները  և առաջիկայում օրենսդրական փաթեթ մշակելու պարտավորություն ստանձնել , որով «արժանապատիվ փոխհատուցում»  կտրվի 10 զոհերի հարազատներին»։  ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը կարծում է, որ  ընդդիմություն առաջարկը  մարտի- 1-ին վերաբերող մտահոգությունները չի փարատելու:

Նախագծի քվեարկության ժամանակ  ուշագրավ  միջադեպ արձանագրվեց. քանի որ բոլոր նախագծերը  կողմ քվեարակությամբ  ընդունվում էին,  որոշ Հանրապետականներ «կողմ»-ի կոճակը սեղմեցին նաև Մարտի 1-ի նախագծի քվեարակության ժամանակ:  Լուսատախտակին արձանագրվեց 14 կողմ պատկերը , ԱԺ նախագահությունը պարզաբանեց՝  որոշ ՀՀԿ-ականներ շփոթել են, նախագծին կողմ են միայն Ելքի  9 պատգամավորները:

Կարդացեք նաև

Back to top button