Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
2016 թ-ի ապրիլին մեկնարկած աջակցության ծրագրերից մեկի՝ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» նախաձեռնությունը Թուֆենկյան հիմնադրամինն էր:
Հետագայում ծրագիրն ընդլայնեց իր շրջանակը եւ նախաձեռնողները որոշեցին ձեռք մեկնել բնակարանի կարիքներ ունեցող արցախցի զինվորներին՝ անկախ նրանց վիրավորվելու ժամկետից:
47 ամյա Արարատ Ավանեսյանն ապրում է Արցախի Պատարա գյուղում: Վիրավորվել է 22 տարեկանում: Հենակները շատ հարցերում են խանգարում, շատ աշխատանք ի վիճակի չէ անձամբ կատարել, բայց դա հուսահատվելու առիթ չէ։ Կյանքն ընթանում է իր հունով եւ Արարատն այսօր երեք դուստրերի հայր է:
84 հազար դրամը թոշակը ընտանիքի միակ եկամուտն է, այնպես որ սեփական տանիքի մասին ընտանիքը նույնիսկ չէր երազում:
Թաքուն երազանքը իրականություն դարձրեց Թուֆենկյան հիմնադրամի ծրագիրը: Հիմնադրամն անցած տարվա նոյեմբերին Պատարայում բնակարան ձեռք բերեց ընտանիքի համար ու հիմնովին վերանորոգեց այն: Առանձնատունը հարմարեցվեց վիրավոր ազատամարտիկի կարիքներին:
«Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագիրը սկսվեց 16-ի ապրիլից հետո, հետագայում այն ընդլայնեց իր շրջանակները, ասում է հիմնադրամի տնօրենը:
Մինչ այսօր այս ծրագրով 8 տներ են կառուցվել, վերանորոգվել կամ ձեռք բերվել Արցախի վիրավոր զինվորների համար:
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի այս ծրագրով մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 2 բնակարան Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղերում:




