ԿարևորՔաղաքական

ՀՅԴ-ն դժգոհ է ԱԺ հանձնաժողովներում իր ներկայացվածությունից

Խորհրդարանի փոքրաթիվ խմբակցությունները խնդիր են տեսնում ԱԺ մշտական հանձնաժողովներում իրենց ներկայացվածության հարցում:

ՀՅԴ-ն առաջարկում է վերանայել ԱԺ կանոնակարգի այն դրույթը, ըստ որի՝ մշտական հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Սահմանումը, կարծում են, խախտում է  փոքրաթիվ խմբակցությունների իրավունքը: Մեծամասնությունը առաջարկին  դեմ չէ, բայց թաքնված վտանգներ է տեսնում:

 

Դաշնակցությունը խորհրդարանի ամենափոքրաթիվ խմբակցությունն է, ունի յոթ պատգամավոր, իսկ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը ինն է: Սա նշանակում է, որ ՀՅԴ-ն  երկու հանձնաժողովում ներկայացուցիչ չունի:  ԱԺ կանոնակարգում գրված է, որ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են ՝ ըստ խմբակցությունների պատգամավորների թվի համամասնության:

«Եթե համամասնությամբ եք բաժանում, ուրեմն դաշնակցության համամասնությունը 0.5 պետք է լինի: 0.5 մարդ ո՞նց բերեմ ես ձեզ»:

Արմեն Ռուստամյանը ԱԺ կանոնակարգում առաջարկում է փոփոխություն անել ու ամրագրել. եթե խմբակցության անդամների թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովներում: Ըստ առաջարկի՝  նույն պատգամավորը կարող է լինել մինչև  3 մշտական հանձնաժողովի անդամ:

«Մենք ասում ենք՝ ինչ ուզում եք արեք, ապահովեք հանձնաժողովում մեր ներկայության հարցը: Հիմա երկու հանձնաժողովում 0 ներկայություն եք ապահովում, բայց մեր ներկայությունը խորհրդարանում 0 չէ»:

Զրո ներկայությունը չի ողջունում նաև կառավարությունը: Արդարադատության փոխնախարարն ասում է՝ իրենք էլ են կարծում, որ ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է ներգրավված լինեն խորհրդարանական բոլոր հանձնաժողովների աշխատանքում, բայց առաջարկում են չմոռանալ մեծամասնության իրավուքները:

«Կայուն մեծամասնություն ունեցող ուժը պետք է համամասնորեն ունենա նաև անդամներ մշտական հանձնաժողովներում, չի կարող այնպես լինել, որ մշտական հանձնաժողովներում ԱԺ կայուն մեծամասնություն ունեցող ուժը չունենա նույն մեծամասնությունը: Հիմա եթե մենք բացենք բոլոր հանձնաժողովների կազմերը, կտեսնենք, որ այդ համամասնությունը պահպանված է, սակայն եթե Եվրաինտեգրման հանձնաժողովում ավելացնենք մեկ տեղ ՀՅԴ-ի համար, ապա արդեն մյուս խմբակցությունների ներգրավվածությունը կհավասարվի Հանրապետականի անդամների թվին: Համամասնությունը կխախտվի»

«Ոչ մի համամասնություն էլ չի խախտվի,  ՀՀԿ-ն այնքան մանդատ է ստացել, ժողովուրդն այնքան ձայն է տվել Հանրապետականին, որ անարգել կարող են աշխատել»:

«Ելք»-ից Էդմոն Մարուքյանն  իր օրիանակով է պատասխանում նաև հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի այն հարցրին, թե հեղինակներն ինչպես են պատկերացնում նույն պատգամավորի մասնակցությունը միաժամանակ 2 հանձնաժողովի նիստին. նախորդ գումարման խորհրդարանում 3 հանձնաժողովի անդամ է եղել ու ավելի արդյունավետ է աշխատել:  Կոստանյանն էլ Մարուքյանին Զեյնալյանի օրինակն է հիշեցնում.  պետաիրավականի անդամ չէ, բայց ավելի ակտիվ, քան հանձնաժողովի անդամները, մասնակցում է նիստերին:

«Զեյնալյանը մեր դասական օրինակն է, բացի քվեարկությունից բոլոր իրավունքներից օգտվում է»

Ամենակարևրն էլ հենց քվեարկությունն է՝ հակադարձում է Արմեն Ռուստամյանն ու արդեն իր օրինակը բերում:

Սկզբունքային թվացող վեճը հեշտ հանգուցալուծում ունեցավ. կոալիոցոին գործընկերներն այնուամենայնիվ  ընդհանուր հայտարարի եկան. Մեծամասնությունը առաջարկեց մինչև 2 ամսով հետաձգել հարցի քննարկումը, լրամշակել այն: Նախագծի հեղինակը համաձայնեց առաջարկին:

Կարդացեք նաև

Back to top button