

Քանի դեռ սպառողներն իրենց իրավունքների պահանջատերը չեն, դրանք ոտնահարվելու են միշտ և ամենուրեք՝ փաստում են սպառողների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունները:
Համընդհանուր իրազեկվածության խնդիր ունեն ոչ միայն սպառողները, այլև տնտեսվարողները:
Այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է եւ «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել, թե Հայաստանում ինչ իրավիճակ է, և որքանով են պաշտպանված սպառողների իրավունքները:
Մենք՝ բոլորս, անկախ սեռից, տարիքից, մաշկի գույնից և համոզմունքներից, սպառողներ ենք: Դե իսկ սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր իրականության ամենաարդիական խնդիրներից է, քանի որ ոչ ոք ապահովագրված չէ իր իրավունքի ոտնահարումից:
Եթե օրինակ Գերմանիայում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում 80, Ավստրիայում՝ 200, Ճապոնիայում՝ 50, ԱՄՆ-ում 150 օրենք է գործում, ապա Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանող մեկ օրենք ունենք, որն էլ հաճախ խախտվում է՝ նկատում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Միայն իրենց կազմակերպությունը օրական 5-6 զանգ է ստանում սպառողներից։ Նրանք բողոքում են, որ խախտվում է իրենց այս կամ այն իրավունքը:

Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոնի նախագահ Արթուր Աթոյանն էլ կարծում է, որ սպառողների իրավունքներն ամենից շատ ոտնահարվում են պետական կառույցների կողմից, ինչպիսին են օրինակ քաղաքապետարանն ու Դատական ակտերի հարկադիր կատարողների ծառայությունը:
Սպառողների իրավունքները թերևս ոտնահարվում են ամեն քայլափոխի և հիմնական պատճառը իրազեկվածության բացակայությունն է, նկատում են մասնագետները: Թվում է, թե սպառողները շատ թե քիչ յուրացրել են իրենց այն իրավունքը, որ ապրանքը վերադարձնելու համար ունեն 14 օր ժամանակ: Մինչդեռ շատ տնտեսվարողներ դեռևս շարունակում են աշխատել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» սկզբունքով: Պարզվում է՝ տնտեսավարողներն էլ օրենքի դեմ ընդվզելու իրենց պատճառներն ունեն:
Պատճառներից մի քանիսի մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Փոքր և միջին ձեռներեցների ասոցիացիայի խորհրդի անդամ Գագիկ Ալավերդյանը: Բոլորը խոսում են սպառողների իրավունքների մասին, իսկ ով պետք է տնտեսվարողին պաշտպանի անբարեխիղճ սպառողից, ասում է.
Տնտեսվարողի այս դիտարկման հետ համաձայն չէ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
Եթե տնտեսվարողը կարողանա ապացուցել, որ ապրանքն օգտագործված է, այն բնականաբար հետ չի ընդունվի, իսկ եթե ոչ, ապա տնտեսվարողը պարտավոր է հետ վերցնել ապրանքը՝ նշում է Պիպոյանը։ Ոլորտի մասնագետները հորդորում են ճանաչել սեփական իրավունքները:




