

Այս օրերին Ադրբեջանում տեղի ունեցող շատ իրադարձություններ մենք պետք է դիտարկենք նախընտրական քարոզարշավի համատեքստում:
«Ռազմինֆո» մասնագիտացված լրատվական գործակալության համակարգող Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ նաեւ այդ տեսանկյունից պետք է դիտարկել Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին:
Փորձագետ, Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ելնելով ադրբեջանական զորավարժությունների սցենարներից, կարող ենք եզրահանգել, որ այդ երկրում այնքան էլ վստահ չեն իրենց ռազմական գերազանցության նկատմամբ, ինչպես որ դա փորձում են ներշնչել հրապարակային հայտարարություններով:
Ադրբեջանական զորավարժություններին այսօր անդրադարձել է նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի՝ շեշտել է նա:
«Ռազմինֆո» մասնագիտացված գործակալության համակարգող Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանում տեղի ունեցող շատ իրադարձություններ մենք պետք է դիտարկենք այդ երկրում նախընտրական քարոզարշավի կոնտեքստում. «Նույն այս զորավարժությունները նախընտրական փուլում ունեն ընտրողներին ինչ-որ Ադրբեջանի բանակի հզորություն ցույց տալու: Թեպետ, չէի ասի, թե շատ հաջող իրենց մոտ դա ստացվեց»:

Փորձագետը, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ ադրբեջանական զորավարժություններն առաջին հերթին քարոզչական բնույթի են: Միաժամանակ՝ փորձագետը նաեւ նկատեց, որ առայժմ որեւէ նոր զինատեսակ չի ցուցադրվել:
Ադրբեջանական այս հերթական զորավարժությունները նախորդների հետ համեմատելով էլ՝ Տարոն Հովհաննիսյանը նաեւ մի կարեւոր առանձնահատկություն նշեց խաղարկվող սցենարում: Այս անգամ այն հստակ հակահարձակվողական է:
«Զորավարժությունները ցույց են տալիս՝ ադրբեջանցիները վստահ չեն իրենց գերակայության վրա»:
Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա, սակայն, չի կարծում, թե ամեն ինչ պետք է բացատրել նախընտրական անցուդարձերով: Տվյալ պարագայում կարող են տարբեր մեկնաբանություններ լինել, սակայն, Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի՝ հայտարարել է Շավարշ Քոչարյանը:
Ի դեպ, օրերս Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտը հրապարակել էր իր տարեկան զեկույցը: 2017-ի սպառազինությունների վերաբերյալ զեկույցում անդրադարձ կար նաեւ Ադրբեջանին եւ Հայաստանին: Ըստ այդ տվյալների՝ ռազմական բալանսը հօգուտ Ադրբեջանի էր:
Ադրբեջանագետ, փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, մինչդեռ, վերլուծելով այդ զեկույցի աղբյուրները, որոնք բաց են, եզրահանգեց, որ ամենեւին էլ այնպես չէ ուժերի բալանսը, ինչպես որ կարող էր թվալ հրապարակված տվյալ զեկույցից:
Այսինքն, հիմքերը կան, որպեսզի մենք ի գիտություն չընդունենք այդ զեկույցի տվյալները եւ ուժերի բալանսի տարբերության վերաբերյալ փորձենք դրա վրա հենվելով հետազոտություններ անել՝ եզրափակեց փորձագետը:
Ի դեպ, «Ռազմինֆո» մասնագիտացված գործակալությունն սկսել է հրապարակել ռազմաքաղաքական հանդես: Առաջին համարն էլ նվիրված է ադրբեջանական զինուժին:




