
Պաշտոնական այցով Կոպենհագեն մեկնած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ:
Նախարար Նալբանդյանը դանիացի արտաքին քաղաքականության փորձագետներին է ներկայացրել իր այցելության նպատակները, Կոպենհագենում ունեցած հանդիպումների արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները, դրանց արձագանքելու նպատակով գործադրվող քայլերը:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Հայաստան — Եվրոպական միություն հարաբերություններին, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորություններին։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկաներին տեղեկացրել է միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների ու դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։
Նախարար Նալբանդյանը Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչներին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:




