
Հաջորդ շաբաթ խորհրդարանը կքննարկի Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արդեն այդ պաշտոնում առաջարկել է օրերս ՍԴ անդամ դարձած Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Տարածված հայտարարության մեջ, սակայն, ուշագրավը ոչ թե թեկնածությունն է, այլ այն հիմքը, որով առաջնորդվելով ԱԺ նախագահն արել է առաջարկը:
Գագիկ Հարությունյանը Ազգային Ժողովի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ էր նշանակվել 1996-ին փետրվարի 6-ին: Նա պաշտոնը ստանձնել էր 48 տարեկանում: Ճիշտ նույն տարիքում ՍԴ երկրորդ նախագահ դառնալու հնարավորություն առջև է օրերս պատգամավորի մանդատը թողած և խորհրդարանի կողմից ՍԴ անդամ ընտրված Հրայր Թովմասյանը:
ՍԴ նախագահի թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին նշանակելու հարցը կքննարկվի Ազգային ժողովի հաջորդ շաբաթ՝ մարտի 20-ին մեկնարկելիք նիստերի ընթացքում: Նրա թեկնածությունն առաջարկել է ԱԺ նախագահը: Արա Բաբլոյանի տարածած հայտարարության մեջ, սակայն, ուշագրավը ոչ թե թեկնածությունն է, այլ այն հիմքը, որով արվել է առաջարկը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջարկվում է՝ հիմք ընդունելով 2005-ի Սահմանադրության պահանջը: Սա նշանակում է, որ ՍԴ հաջորդ նախագահը կընտրվի սահմանադրական հին կարգավորումներով: Սա չի խաթարում այն նոր տրամաբանության կիրառումը, որ դրված է նոր Սահմանադրության հիմքում ՝ կարծում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Իսկ հանգամանքը, թե ապրիլի 9-ից հետո թե առաջ կընտրվեր ՍԴ հաջորդ նախագահը էական էր պաշտոնավարման ժամկետների առումով: Եթե ՍԴ նախագահի ընտրությունը կայանում է ապրիլի 9-ից հետո, ապա գործում է արդեն նոր կարգավորումը, որի համաձայն արդեն Սահմանադրական դատարանն է իր կազմից ընտրում նախագահ՝ միայն 6 տարի ժամկետով և առանց վերընտրվելու իրավունքի: Իսկ եթե Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունները կայանան մինչև ապրիլի 9-ը, ապա կգործի նախկին Սահմանադրության այն դրույթը, որով ՍԴ նախագահը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:
Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ի տարբերություն արդարադատության նախարարի, կարծում է, որ հին ընտրությամբ ՍԴ նախագահ ընտրելը հակասում է Նոր սահմանադրության ոգուն:
Կարծում եմ, այս հնարքով, այս տեղադրված բանալիով, չասեմ ականով, արգելափակվում է նոր Սահմանադրության տրամաբանությունը: Այս նոր Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի անդամները պիտի լինեին փոփոխական և գործեր ավելի ժողովրդավարական մեխանիզմ: Սա հատուկ արվել է, որ Սահմանադրական դատարանի նախագահն այդ պաշտոնում իրականացնի քաղաքական մեծամասնության քաղաքական կամքը:
Հրայր Թովմասյանն արդեն հայտարարել է, որ վերջակետ է դնում իր կուսակցական կենսագրությունը: Այդ կենսագրությունը տևեց շուրջ 6 տարի տարի: Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելիս Հրայր Թովմասյնաը համալրեց ՀՀԿ-ի շարքերը, հիմա դիմում է գրել ՀՀԿ -ից դուրս գալու մասին: Օրենսդրության պահանջով՝ ՍԴ անդամը կուսակցության անդամ չի կարող լինել:




