Երեկ երեկոյան անցկացվել է Հանրապետականի Գործադիր մարմնի նիստը: Նիստի ավարտից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում մի քանի խոսքով պարզաբանում է տվել նիստի օրակարգի ու քննարկված հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ նրա, նախագահական ընտրությունների արդյունքներին շատ մանրամասն անդրդարձ է կատարվել, սակայն կադրային փոփոխությունների հարց դրված չէ: «Եթե փոփոխության հարց լինի, ես ձեզ կտեղեկացնեմ: Մենք այն կարծիքին չենք, որ հիմա 37 թիվն է, որ ընտրությունների ցածր կամ բարձր արդյունքների համար պետք է պատժել կամ չպատժել մեր կուսակիցներին»,-հայտարարել է Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Շիրակի մարզպետի նոր թեկնածուի հարց նիստում չի քննարկվել, փոխարենը քննարկվել է Վանաձորի քաղաքապետի հարցը:
Ազգային Ժողովի փոխնախագահի խոսքով, կառավարությունը հրաժարական կտա նախագահի երդման արարողությունից հետո՝ ապրիլի 9-ին և նոր կառավարություն կձևավորվի: Ինչպես և նախատեսված էր, Հանրապետականի Գործադիր մարմնի նիստում քննարկվել է նաև Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը: «Ավագանու մեր թեկնածուների ցանկը կգլխավորի Տարոն Մարգարյանը. նրա թեկնածությունն առաջակել է Սերժ Սարգսյանը, և գործադիր մարմնի անդամները միաձայն կողմ քվեարկեցին»,-ասել է Շարմազանովը: Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: