

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսիաբնակ հայազգի արվեստագետներ Գեւորգ եւ Վարդան Թառլոյանների «Պատրանք եւ իրականություն» խորագիրը կրող ցուցադրությունը:
Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի 16 անդամներից են: Լայն հանրության առջև ցուցահանդեսը բաց է երեկվանից՝ մարտի 9-ից և կգործի մինչև ապրիլի 7-ը:
Մարտի 8-ին տեղի ունեցած ցուցահանդեսի պաշտնական մեկնարկն ուղեկցվեց նաև նորաձեւության ցուցադրությամբ: Թառլոյան եղբայրների «Քամուց քշվածները» հավաքածուն ներկայացրին «Ատեքս» նորաձևության տան 15 մոդելները:
Մշակույթի նախարարության հրավերով Երևանում են Գևորգ և Վարդան Թառլոյանները՝ Փարիզի բարձր նորաձևության ակադեմիայի 16 իսկական անդամներից երկուսը: Նորաձևության մայրաքաղաքաքում հայազգի երկվորյակներն իրենց տեղն ամրագրել են նրբաճաշակ դասականի ու կրքոտ նորի համադրումով:

Կանանց միջազգային տոնի առիթով Ազգային պատկերասրահի ժամանակավոր ցուցադրությունների սրահում մարտի 8-ին բացվեց հայազգի եղբայրների «Պատրանք և իրականություն» ցուցահանդեսը: Շուրջ 75 էսքիզների և գեղանկարչական աշխատանքների ցուցադրությանը նախորդեց դեֆիլեն, որում ներկայացվեցին ֆրանսիահայ կուտուրյեների երկու տասնյակից ավելի զգեստները: Խոսելով «Պատրանք և իրականություն» ցուցադրության մասին Գևորգ Թառլոյանն ասում է.
«Մենք չենք ցանկացել, որպեսզի նորաձեւությունը ներկայացվի իբրեւ առօրյա օգտագործվող ինչ-որ հագուստ, դրա համար որոշել ենք ավելի ժամանակակից մոտեցմամբ անել: Փորձել ենք հագուստները եւ քանդակները համատեղել կահույքի հետ եւ յուրահատուկ միջավայր ստեղծել»:
Ինչու՞ «Պատրանք և իրականություն». Գևորգ Թառլոյանը պարզաբանում է.
«Ցուցադրության նկարները իրական են, իսկ կանանց կերպարները՝ պատրանք: Հագուստը ներկայացվում է քանդակային կերպարների միջոցով: Սա ավելի նման է թատերական ներկայացման»,-ասում է ֆրանսիահայ կուտուրյեն: Համապատասխան միջավայր ապահովելու համար եղբայրներն օգտագործել են Ազգային պատկերասրահի 18-րդ դարի ֆրանսիական և հոլանդական կահույքը:
Գևորգ Թառլոյանի բնորոշմամբ, զգեստը քանդակի վրա, ի տարբերություն մանեքենի, դիտվում է իբրեւ զուտ նորաձեւության նմուշ: Նման բան Հայաստանում դեռ չի ներկայացվել: Փարիզի «Ժանսեմ» պատկերասրահում 2017-ին եղբայրներն առաջին անգամ իրենք են ներկայացրել իրենց մոդելավորած զգեստները քանդակային կերպարներով:
Ինչպես վերը նշվեց, Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 8-ին տեղի ունեցած ցուցահանդեսի պաշտնական մեկնարկն ուղեկցվեց նաև նորաձեւության ցուցադրությամբ: Թառլոյան եղբայրների «Քամուց քշվածները» հավաքածուն ներկայացրին «Ատեքս» նորաձևության տան 15 մոդելները:
«Քամուց քշվածները» զգեստների հավաքածուի միջոցով փորձել ենք հավաքական մի նոր կերպար ստանալ: Զգեստները ներկայացնում են «Ատեքս» նորաձևոթյան տան 15 հայ աղջիկներ՝ ամենագեղեցիկ, մյուսներն էլ են գեղեցիկ, բայց նրանք շատ գեղեցիկ են»:
«Ամեն անգամ Երևան գալոց կցանկանայինք փոխանցել մեր փորձը, զգացողությունը, մեր արվեստը, իհարկե նաև փոխանակվեինք փորձով»,-ասում են Թառլոյան երկվորյակները:
Հիշեցնենք, որ «Պատրանք և իրականություն» ցուցադրությունը Թառլոյանների երկրորդ մեծ միջոցառումն է Երևնում: Առաջինը կայացել է 2006-ին, Կառավարության շենքում, ներկայացվել են «Ինկվիզիցիա» եւ «Փախուստ» խորագրով հավաքածուները:




