Հասարակություն

Արագ սննդի վնասները. ինչ սնունդ են նախընտրում մեր համաքաղաքացիները

Առողջ լինելու համար անհրաժեշտ է  առողջ սնունդ օգտագործել: Մինչ մասնագետները խոսում են առողջ ապրելակերպի մասին, դպրոցամերձ և բուհական տարածքներում շարունակում են կասկածելի պայմաններում գործել արագ սննդի կետերն ու վաճառել ֆասթ ֆուդ:

Մինչ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ արագ սննդի կետերը  տարեկան 1 անգամ ստուգվում են, սննդի փորձագետները պնդում են, որ ձևական ստուգմանը և տուգանքներին հաջորդում է տնտեսվարողի նույնքան անբարեխիղճ գործունեությունը:

Խնդիրը համակարգային լուծում և անընդհատ վերահսկողություն է պահանջում:

Սննդամթերքի անվտանգության խնդիրների համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն հանրային սննդի կետերը:

Գաղտնիք չէ, որ արագ սննդի կետերում հաճախ կասկածելի կիսաֆաբրիկատներ են օգտագործվում, իսկ հիգիենայի պայմանները, մեղմ ասած, հույս չեն ներշնչում: Մինչդեռ՝  Ֆասթ-ֆուդերից ու քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված հանրային սննդի կետերից հիմնականում օգտվում են ուսանողներն ու դպրոցականները՝ նկատում է պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:

Երեխայի սխալ սննդակարգը, ի դեպ, սկսվում է դեռ տարրական դպրոցից, երբ նա սնվում է տարատեսակ բուլկեղենով կամ այլ քաղցրավենիքներով: Ու նման անառողջ սնունդ երեխան ստանում է շաբաթական 5 օր:

Սննդաբանը այս պարագայում չի կարող ասել, թե որ սնունդն է առավել վտանգավոր. դպրոցներում վաճառվող հացաբուլկեղե՞նը, թե՞ գետնանցումներում կամ արագ սննդի կետերում պատրաստվող բլիթներն ու կիսաֆաբրիկատները:

Թե ինչ սնունդ են նախընտրում մեր համաքաղաքացիները, հետաքրքրվեցինք հենց իրենցից: Մեր հարցվածներից և ոչ ոք չխոստովանեց, որ արագ սննդի կետերից ևս օգտվում են, իսկ ովքեր էլ մեր աչքի առաջ էին նման սննդամթերք օգտագործում, պարզապես չցանկացան խոսել:

Իրականում այստեղ լուրջ խնդիր կա և այն մտահոգում է նաև սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրեց սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը: Այդուհանդերձ, ծառայությունն ուսումնասիրություններն իրականացնում է տարեկան 1 անգամ: Ավելի հաճախակի դիտարկումներն իրականացվում են բացառապես ահազանգերի հետքերով:

Դավիթ Պիպոյանին, սակայն, սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետի խոսքերը չեն համոզում: Նախ՝ ստուգումները պետք է ավելի հաճախակի և անկողմնակալ բնույթ կրեն և չսպասեն ահազանգերին:

Հանրային սննդի կետերում խնդիրներն այնքան շատ են, որ դրանք լուծելու համար տարեկան 1 անգամ ստուգումներ կատարելը մեղմ ասած բավարար չէ: Խնդիրը չի լուծվի անգամ տուգանելու դեպքում: Քանի դեռ համապատասխան մեխանիզմներ չեն մշակվել, տնտեսվարողը շարունակելու է խախտումներով աշխատել:

Կարդացեք նաև

Back to top button