

Պատերազմից տարիներ են անցել, սակայն նրանք ոչ մի մանրուք չեն մոռանում: Սահմանամերձ գյուղերի տղամարդիկ էլ են հպարտությամբ խոսում իրենց կանանց մասին, ասում, որ նրանք տարբերվում են բոլոր կանանցից:
Գիշերը ցերեկ դարձրած աշխատում են՝ թշնամու դիտակետից ամեն վայրկյան կրակոցի ձայնը սրտում պահած. սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքում տղամարդիկ այսպես են բնութագրում իրենց կանանց։ Նրանց ճակատագիրը տարբերվում է մյուսներից՝ ասում է զրուցակիցս: 22-ամյա երիտասարդի համար որևէ տարբերություն չկա, մարդը մարդ լինի, սեփական փորձն է աչքի առաջ , այժմ, սակայն, ամեն ինչ անցյալում է, կինը մեծ հաճույքով է սահմանամերձ գյուղ տեղափոխվել։

Բերդում ծնված, սակայն երեսուն տարուց ավելի սահմանամերձ Այգեպարում բնակվող տիկին Զոյան նշում է՝ իրենց հոգսերը չես կարող համեմատել որևէ այլ բնակավայրի կանանց հոգսերի հետ: Պատերազմ տեսած կանայք են այստեղ բնակվում, սիրելիի կորստի ու կարոտի ցավը սրտում պահած, արտասուքն աչքերին, հպարտորեն շարունակում են ապրել ու պայքարել խաղաղության համար: Նրանց ճերմակած մազերն ու ձեռքբերած հիվանդությունները պատերազմի ու դրա թողած բացասական հետևանքների վկայությունն են։ Սկզբում կանանց թվում էր, թե ինչ որ իրական մարտաֆիլմ են նայում, դուրս էին գալիս ու կանգնած հետևում, թե ինչպես են ադրբեջանական արկերը պտտվում օդում։ Այսօր այդպես չէ։ Թեեւ կրակոցների ժամանակ դուրս չեն գալիս տնից, բայց, ամենակարևորը, չեն մտածում տունը, գյուղը թողնելու մասին։

Մյուս զրուցակցիս ճակատագիրը տարբերվում է իր հասակակից շատ կանանց ճակատագրից: Երբ պատերազմը սկսվեց՝ 40 տարեկան էր. կայացած կին, սիրող մայր ու հայրենիքին նվիրված մարտիկ: Թյուր կարծիք է ձևավորված կնոջ ու հատկապես հայ կնոջ մասին։ Այն, ինչ զրուցակցիս էր տեսել ռազմի դաշտում, վեր է նկարագրությունից։ Մասնակցել է Տավուշի մարզում ծավալվող գրեթե բոլոր իրադարձություններին: Տարիների հեռվից միայն գլխովն անցածը թղթին հանձնելիս է զարմանում, թե ինչպես են այդքան փորձությունների դիմացել, ամեն ինչ անցել է, հայրենի հողին նա այսօր էլ ամուր կառչած է։

Սահմանամերձ համայնքներում Մաքսիմ Պողոսյանին լավ են ճանաչում, գիտեն նաև նրա կյանքի պատմությունը։ Ամոթխած ժպիտով, բայց ներքին հպարտությամբ է Մաքսիմը պատմում, թե ինչպես էր սիրած աղջկան մեկ անգամ էլ տեսնելու համար ոտքով որոշել Մովսես հասնել։ Աղջիկն այժմ Երևանում է, անտեղյակ, որ իրեն տեսնելու համար երիտասարդ ու մերօրյա Ռոմեոն կարող էր կյանքով վճարել։ «Գնում էի ընդի մի աղջիկ կար, տեսնելու։ Սկզբից ես չեմ իմացել, բայց հետո, որ մի ահտ էլ կարկոց եղավ, տեսա կողքս տաքացել ա, մի կես ժամի չափ ըտեղ կաղնած եմ ելել: Էդ աղջիկը ըսկի չիամացավ էլ, որ գնում էի իրան տեսնելու։ Ըտենց էլ չտեսա։ Ինքը հիմի Էրևան բանկում ա աշխատում»:

Երիտասարդն այժմ էլ չի զղջում, հնարավորության դեպքում կրկին կգնար սիրած աղջկան տեսնելու՝ կրկին նույն՝ վտանգավոր ճանապարհով:
Այստեղ՝ սահմանամերձ գյուղերում մարդկանց ճակատագրերը տարբեր են՝ ցանկությունը մեկը՝ խաղաղությունը։




