Հասարակություն

Կնոջ կյանքն ու կենցաղը Երանոսում

Կնոջ կյանքն ու կենցաղը Երանոսում: Գեղարքունիքի մարզի այս համայնքը հայտնի է արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվով, ինչը  դեռ խորհրդային տարիներին ձևավորված ավանդույթ է: Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինների հետ միակ կապը տեխնիկայի շնորհիվ է: «Հեռախոսով խոստումներ ենք տալիս ու առնում, սկայպով երեխա  ունենում ու մեծացնում»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում կատակել են երանոսցի կանայք:

Օրվա հերոսուհիները կանայք են։ Կոնկրետ իմ հերոսուհիները Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի մի խումբ, ինչպես իրենք են ասում, գործազուրկ, բայց ակտիվ կանայք են: Զրույցի առանցքում հայ կնոջ կյանքը, կենցաղը, Երանոսի կանանց կյանքում ամուսինների արտագնա աշխատանքի հետևանքները, հարաբերությունները, այդ թվում՝ հարս-սկեսուր հարաբերություններն են:

Ոչ հարսներն են նախկինը, ոչ էլ՝ սկեսուրները, բայց ամենակտրուկ, կարելի ասել հեղափոխական, շրջադարձը կանանց կյանքում իրականացրել է կենցաղային տեխնիկան: Երբ Երանոս մուտք գործեց առաջին ավտոմատ լվացքի մեքենան, կանայք չեն հիշում, բայց ասում են՝ Օրհնվի էդ սհաթը: Եվ հարսներն են գոհ, և սկեսուրները։


Սեռով պայմանավորված աղջիկ երեխաների աբորտների թվով  Գեղարքունիքի մարզն ավանդաբար  առաջատար դիրքում է: Մարզի Երանոս համայնքում, ըստ կանանց տեղեկությունների, աղջիկների հանդեպ վերաբերմունքն այլ է։

Երանոսի կանանց ամենամեծ խնդիրը՝ աշխատատեղերի բացակայությունն է։

Երանոսի կանանց բջջային հեռախոսներում անպայման ռուսաստանյան գոնե մեկ համար կա: Արտագնա աշխատանքով ընտանիքը պահելու դեռ խորհրդային տարիներից ձևավորված հարուստ ավանդույթն այստեղ «սրբորեն» պահպանվում է:Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինների հետ միակ կապը դարձյալ տեխնիկայի շնորհիվ է: «Հեռախոսով խոստումներ ենք տալիս ու առնում, սկայպով երեխա  ունենում ու մեծացնում»,-կատակում է մեզ արդեն ծանոթ Անգինը:

Տղամարդիկ գնում են՝ երբեմն մոռանալով իրենց կանանց ու երեխաների մասին: Արդյունքում՝ քայքայված, լքված ընտանիքներ: Երանոսի կանանց տեղեկություններն այս խնդրի վերաբերյալ, ի դեպ,  խիստ հակասական էին. մի մասն ասաց՝ կան նման ընտանիքներ, մյուս մասը՝ կտրուկ հերքեց նրանց գոյությունը, ասելով, թե Երանոսն այս հարցում ևս խիստ առանձնահատուկ է:

Կարդացեք նաև

Back to top button