

ԱԺ- ն այսօր արտահերթ նիստում կառավարության նախաձեռնությամբ քննարկում էր հանրապետության կառավարման նոր համակարգը։
Օրակարգում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության», «Հանրաքվեի մասին» օրենքների նախագծերն էին:
Այս ամենի քննարկումը կրկին թարմացրեց սուպերվարչապետական համակարգի մասին խոսակցություններն ու մտավախությունները:
Վարչապետ, առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետ եւ 17 նախարար. այսպիսին է լինելու ապրիլի 9-ից հետո ձեւավորվող կառավարության կառուցվածքը: Հրաժեշտ ենք տալու միջազգային տնտեսական ինտերգրման եւ բարեփոխումների նախարարությանը, կառավարության կազմում կսկսեն գործել երեք նոր ծառայություն՝ պետական արարողակարգի, պետական վերահսկողության եւ պետական պահպանության:
Վարչապետի վերահսկողության տակ են անցնում ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, վարչապետի վերահսկողական նոր ստեղծվող ծառայությունը եւ պետական պահպանության ծառայությունը: Կան նաեւ բազմաթիվ այլ լիազորություններ, որոնցով օժտված է լինելու ապագա վարչապետը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր հիմնավորում փոփոխությունների անհրաժեշտությունը:
Եվ սա էլ դեռ ամենը չէ: Գործադիրը օրենքով է փորձում վերահսկել կառավարության անդամների ելույթ ունենալու եւ խոսելու իրավունքը՝ ամրագրելով, որ ցանկացած ելույթ պետք է համահունչ լինի կառավարության քաղաքականությանը: Անգամ հանրապետական խմբակցությունից պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համար դա տարօրինակ թվաց:
Դավիթ Հարությունյանը սրտով է նաեւ կառավարության նիստերի դռնփակ անցկացումը: Հիշում է ժամանակները, երբ կառավարության նիստերն ավելի հետաքրքիր էին, քան՝ այսօրվանները:
Այսպիսի սահմանափակումները, առավել եւս ուժային կառույցների տեղափոխումը վարչապետի անմիջական վերահսկողության տակ, անհանգստացնում են ընդդիմադիր պատգամավորներին: Մտահոգված են ոչ միայն միջազգային ասպարեզում Հայաստանի վարկանիշով: «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին:
Իսկ առավոտյան արդեն խորհրդարանը քննարկել էր Անվտանգության խորհրդի ապագա աշխատանքներն եւ կազմավորման սկզբունքները, առաջիկայում այստեղ եւս տեղի են ունենալու լուրջ փոփոխությունները: Այդ կառույցի աշխատանքում նույնպես առանցքային իրավունքներ են տրվելու վարչապետին՝ նիստը ղեկավարելու, օրակարգ ձեւավորելու եւ որոշումներ ընդունելու առումով: Այստեղ արդեն ընդզվեց «Ելք»-ից Արարատ Միրզոյանը՝ լրացուցիչ առաջարկով:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գործընկերներին հորդորեց չհեգնել: Վարչապետին փոխանցվող լրացուցիչ լիազորություններում, ասենք՝ ուժային կառույցներին վերահսկողության տակ առնելու մտադրություններում անգամ դրական զարգացումներ նկատեց:
Անգամ այսպիսի կոշտ կանոնակարգումների դեպքում ԱԺ-ում դեռ կան պատգամավորներ, ովքեր հավատում են, որ խորհրդարանը կկարողանա լիովին իրականացնել իր վերահսկողական իրավունքները կառավարության բոլոր օղակների նկատմամբ:
Այդպիսի վստահներից էր օրինակ Կորյուն Նահապետյանը: Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը, բայց այսօր արդեն արդարադատության նախարարը զգուշացրեց՝ փոփոխությունների համար սուղ ժամանակ ունեն, հետեւաբար՝ առաջարկությունները պետք է ներկայացնել հնարավորինս շուտ:




