

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բավականին լարված են, բայց ոչ այնքան, որ երկու երկրները իրարից մայրաքաղաքներ խլեն՝ ի պատասխան Ալիևի ոգևորված հայտարարությանն ասում է ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
Մոսկվայից արձագանքելով Ալիևի՝ Երեւանը ադրբեջանական պատմական տարածք հայտարարությանը՝ գեներալ-գնդապետն անդրադարձավ ՀԱՊԿ անդամ երկրների ստանձնած պարտավորություններին, որոշ հստակեցումներ անելով նաև:
Իբրև ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը պաշտպանված կլինի կազմակերպության կողմից՝ դիմելու դեպքում, Արցախի պարագայում ՀԱՊԿ-ը նման պարտավորություն չունի՝ ասաց.
«Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը ՀԱՊԿ անդամ չի համարվում: Սակայն Հայաստանը կազմակերպության անդամ է և համապատասխանաբար ՀԱՊԿ–ն Երեւանի առաջ որոշակի պարտավորություններ ունի և Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ, Աստված մի արասցե, սպառնալիքի պարագայում ՀԱՊԿ-ն նրանց վտանգի մեջ չի թողնի: Բայց հույս ունենք, որ կան ուժեր, մարմիններ, առողջ միտք ունեցող մարդիկ, որոնք թույլ չեն տա, որ իրավիճակն այնքան սրվի, որ երկու ժողովուրդները, որոնք ժամանակին լինելով մի մեծ ընտանիքի անդամ, սկսեն իրարից մայրաքաղաքներ խլել»:
Սակայն ժամանակները փոխվել են ու այսօր Երևանի նկատմամբ նկրտումներ ունենալու մասին բարձրաձայնելու Ալիևի հայտարարությունից հետո կարծես նոր իրավիճակ է ստեղծվում։ Բաքուն մեծ ախորժակ ունի և հայ փորձագետները պնդում են միջազգային ատյաններում հարցը բարձրացնելու անհրաժեշտության մասին:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում Ալիևի հայտարարությունը նախ ներքաղաքական կոնտեքստում դիտարկեց, այդուհանդերձ՝ ընդգծելով, որ դա թուրք-ադրբեջանական տանդեմի ավելի հեռուն գնացող ագրեսիվ նկրտումների դրսևորում է:
Նման պայմաններում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը մտահոգիչ է՝ ասում է Դավիթ Ջամալյանը:
Ադրբեջանին զենքի մատակարարումները լարվածություն են առաջացնում տարածաշրջանում։ Մոսկվան դրանով գուցե ցանկանում է Բաքվին իր հետ կապել, բայց դա չի ստացվում, իսկ տարածաշրջանում ստեղծվում է պայթյունավտանգ իրավիճակ՝ ընդգծեց ռազմական փորձագետը:




