

Հայկական խնձորը Լարսի անցակետում, պարզվում է, դարձել է թուրքական: Արդեն 11 օր Արագածոտնի մարզի բերքը չի կարողանում մտնել ռուսական շուկա անհասկանալի պատճառաբանությամբ: Գյուղացիները դժգոհում են՝ ամբողջ աշխատանքը ջուրն է ընկնում:
Հայկական 400 տոննա խնձորն արդեն 11 օր է չի կարողանում անցնել Լարսի անցակետը։ Օհանավանցիները դժգոհում են՝ մեկ տարվա աշխատանքը փչանում է, իսկ ռուսական կողմից պատճառաբանում են, որ միրգը թուրքական է, Հայաստանում այդքան խնձոր չէր կարող լինել: Այս տարի սա արդեն 4-րդ արտահանումն է, ոչ մի անգամ խնդիր չի առաջացել, «Ռադիոլուր»- ի հետ զրույցում դժգոհում է արտահանողներից Վարդան Մանվելյանը:
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան, սակայն ռուսական կողմին դա ոչինչ չի ասում: Հայկական բեռնատարներն առանց փորձաքննության ձևակերպում են «վերադարձ» ու դրոշմակնքում՝ ասում է: Գյուղացիները նշում են, որ եթե թուրքական է, ապա այդ դեպքում ինչպես է Բագրատաշենի անցակետում բեռնատարն ստացել ֆիտոսանիտարական փորձաքննության եզրակացություն:
Օրվա ընթացքում «Ռադիոլուրը» պետական տարբեր գերատեսչություններից փորձում էր պարզել, թե ովքեր են զբաղվում այս գործով։ Շատերը հենց մեզանից իմացան, որ նման խնդիր կա։ Վերջին հասցեատերը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն էր։ Մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ իրենց տրամադրած փաստաթղթերով խնդիրներ չպետք է առաջանան։ Այսինքն՝ խնդիրը պետական այլ գերատեսչության մեջ է։ «Ռադիոլուրը» կփորձի պարզել, թե որ։
Լարսի անցակետում ռուս հերթապահ սահմանապահը «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ մեքենաները չեն անցնում, քանի որ անցակետը ներկա պահին փակ է: Սակայն արտահանողները հակադարձեցին, որ Լարսի դժվարանցանելի հաատվածը բեռնատարներն անցել են, ճանապարհի փակ լինելն իրենց չի վերաբերում: Հարցի վերաբերյալ գյուղացիները տեղեկացրել են նաեւ Արագածոտնի մարզի մարզպետ Աշոտ Սիմոնյանին: Սպասում են պատասխանի:




