ԿարևորՔաղաքական

Իշխող կոալիցիան փորձում է վարչապետի հարցում պահպանել ինտրիգը

ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցերը լուծելուց հետո քաղաքական վերնախավն աստիճանաբար անցնում է նոր փուլ՝ նոր վարչապետի խնդրի լուծմանը: Ճիշտ է, բոլոր քննարկումները տեղի են ունենալու ներքին կարգով, սպասում են ապրիլի 9-ին լրանա նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները եւ սկսեն գործել նոր Սահմանադրության բոլոր դրույթները՝ նախատեսված բոլոր ժամկետներով: Այսօր խորհրդարանում քաղաքական ուժերի ճեպազրույցներն էին:  

 

Խորհրդարանական նոր կարգը Հայաստանում թույլ է տալիս վարչապետ նշանակելու հարցում տարբեր կոալիցիաների ձեւավորումը՝ կայուն մեծամասնություն ապահովելու համար: Այս դրույթում դաշնակցականները որեւէ վտանգ չեն տեսնում իրենց համար՝ վստահեցնում է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Կոալիցիան արդեն ստեղծված է եւ չեմ կարծում, որ մինչ այդ օրը փոփոխություններ կլինեն»,- ասում է։

Դաշնակցականներն իրենց այսօրվա դիրքերում վստահ են նաեւ զուտ այն պատճառով, որ վարչապետության հավակնություններ չունեն՝ այդ պաշտոնի համար առաջադրումների բոլոր իրավունքները, կոալիցիոն հուշագրով, Հանրապետական կուսակցությանն են: Ամեն ինչը պարզ է դառնալու շատ շուտով: Մինչեւ ապրիլի 9-ը ներքին կարգով արդեն կիմանան վարչապետի թեկնածուի անունը՝ կանխատեսում է Արմեն Ռուստամյանը։

Հանրապետական խմբակցությունից այս պահին վստահեցնում են՝ ապագա վարչապետի հարցը դեռ չեն քննարկել եւ չեն քննարկում: Թեկնածուների մասին անուններով չեն խոսում: Բայց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պարբերաբար ստիպված է պարզաբանել միեւնույն հարցը՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանից բացի վարչապետության հավակնում է մեկ այլ հանրապետական: Ժամանակը կգա, կքննարկենք՝ ասում է։

Հայտարարության մասով Բաղդասարյանն ակնարկում է հենց Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, թե նախագահության ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում դառնալ վարչապետ, քանզի կարծում է, որ մեկ անձը երկու ժամկետից ավելի չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին: «Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, կուսակցությունն է որոշում»,- շեշտում է։

ԱԺ կանոնակարգում կատարվել է փոփոխություն, համաձայն որի, վարչապետի ընտրության նախօրեին՝ ապրիլի 16-ին, այսինքն՝ ամենավերջին պահին, քաղաքական ուժերը կարող են վարչապետի թեկնածու առաջադրել: Ընդդիմադիրները կարծում են, որ դա մտածված փոփոխություն է՝ Սերժ Սարգսյանի առաջադրվելուց առաջ  հասարակական ընդվզումներին ժամանակ չթողնելու համար: Հանրապետականից Վահրամ Բաղդասարյանը պարզաբանում է՝ կասկածում է, որ ընդդիմադիրներին կհաջողվի բազմահազարանոց ակցիաներ կազմակերպել։ Խորհուրդ է տալիս հետեւություններ անել վերջին տարիների փորձից:

Իսկ մինչ կոալիցիան վարչապետի թեկնածուի շուրջ  փորձում է ինտրիգը պահել, «Ելք» խմբակցությքան ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հետաքրքրող հարցի առնչությամբ ենթադրություններ անել վաղվա արտահերթ նիստի օրակարգից: Պատգամավորն այսօր հաստատեց, որ իրենց մոտ գոյություն ունի ինստիտուցիոնալ ու նաեւ <<փողոցային>> պայքարի գրավոր ճանապարհային քարտեզ, որը քննարկվում է ինչպես «Ելք» խմբակցությունում, այնպես էլ առանձին կուսակցություններում: Բայց դրա իրականացման համար կա նախապայման՝ ամեն ինչը կախված է ժողովրդի կամարտահայտությունից:

Խորհրդարանական չորրորդ ուժը՝ <<Ծառուկյան>> դաշինքը, այս պահին չի շտապում բացահայտել իր ծրագրերն ու հավակնությունները վարչապետի առաջադրման հետ կապված: Նրանք անգամ խուսափում են Աժ կանոնակարգով նախատեսված ճեպազրույցներից:

Կարդացեք նաև

Back to top button