

Հայաստանում գրանցված գործազուրկների զգալի մասը կանայք են: Ցավալին այն է, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Պատկերն ավելի տխուր է համայնքներում: Աշխատատեղերի բացակայությունից զատ այստեղ իր դերն է կատարում նաև ազգային մտածելակերպը: «Ռադիոլուրի» կանադացի զրուցակիցը, համայնքներում ապրող հայ կանայք մասնագիտական առումով չափազանց քիչ են իրացնում իրենց կարողությունները, որովհետև ամբողջությամբ նվիրվում են ընտանիքին ու երեխաներին:
ՀՀ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում այսօր հաշվառված են շուրջ 70 հազար աշխատանք փնտրողներ, որոնց 60-65 տոկոսը կանայք են: Գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանի տվյալներով, աշխատանք փնտրողների զգալի մասը երիտասարդներ են։ Գրանցված գործազուրկ քաղաքացիների թվում, ըստ Սահակյանի, կանանց տեսակարար կշիռը վերջին տարիներին միշտ բարձր է եղել:
Երիտասարդ կանանց զբաղվածության խնդիրը մեղմելու նպատակով կառավարությունն այս տարի նախաձեռնեց նոր ծրագիր։ «Դայակներին ֆինանսավորում ենք նվազագույն աշխատավարձի չափով»,- ասում են:

Ծրագիրը ֆինանսավորելիս առաջնահերթությունը կտրվի սահմանամերձ և առավել խոցելի համայնքներին: Վերջիններին են ուղղված նաև «Երևանում կանանց միջազգային միավորման»/IWAY/ ծրագրերը: Փոխնախագահ Արմինե Սարգսյանի խոսքով, կազմակերպության ավելի քան տասը տարվա ընթացքում իրականացրած բարեգործական ծրագրերն ուղղված են հիմնականում Հայաստանի սահմանամերձ և հեռավոր շրջաններում ապրող կանանց և երեխաների հիմնախնդիրների լուծմանը:
Սահմանամերձ համայնքներում բարեգործական ծրագրեր իրականացնելու և այդ ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով դոնորների ցանկը համալրելու համար Կանանց միջազգային միավորումն օրերս կազմակերպել էր հանդիպում Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող արտասահմանյան դեսպանների, գործարարների ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ:
«Օգնելով կանանց և երեխաներին մենք օգնում են համայնքներին»,- ասաց կազմակերպության նախագահ Մորին Կարուն: Շուրջ մեկ ու կես տարի Հայաստանում ապրող և կազմակերպության շրջանակում գործունեություն իրականացնող կանադացի կինն արձանագրում է. «Համայնքներում ապրող հայ կանայք մասնագիտական առումով չափազանց քիչ են իրացնում իրենց կարողությունները, որովհետև ամբողջությամբ նվիրվում են ընտանիքին ու երեխաներին»:




