
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Սումգայիթի ողբերգությունը ականատեսների վկայությամբ» գիրքը, որը պատմում է 1988 թվականի փետրվարյան հայկական կոտորածների մասին լույս է տեսել 1989 թվականին: Գրքի խմբագիրը Սամվել Շահմուրադյանն է:
25 տարիների ընթացքում գիրքը թարգմանվել է 9 լեզուներով: Հունվարին գիրքը լույս է տեսել իսպաներենով և իտալերենով: Գրքում զետեղված են սումգայիթյան դեպքերի վերաբերյալ անգնահատելի վկայությունները:
Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը խնդիրը տեսնում է նրանում, որ թե’ Թուրքիայի կողմից ցեղասպանության չճանաչումը, և թե’ Ադրբեջանի կողմից բացահայտ ռասիստական քաղաքականությունը ապացուցում են, որ նրանք ոչ միայն չեն դատապարտում իրենց արարքը, այլ պատրաստ են որպես քաղաքական գործիք օգտագործել ցեղասպանությունը:
Ռոման Թովմասյանն արցունքն աչքերին հիշում է Սումգայիթյան ջարդերը: 30- ամյա Ռոմանի երազանքն է, որպեսզի ոճրագործները պատասխան տան ու չմնան անպատիժ և հույս հայտնում, որ եթե միջազգային ատյաններն էլ ոչինչ չանեն, հաստատ կպատժվեն Աստծո կողմից:
Լարիսա Ալավերդյանի խոսքով` Հայաստանում մինչ այսօր չկա որևէ փաստաթուղթ, որով Սումգայիթի ցեղասպանական գործողությունների արդյունքում թե’ զոհերի ընտանիքները և թե’ տուժածները ունենան հատուկ կարգավիճակ;
Ըստ «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Մանասյանի` ազգային ազատագրական շարժման ալիքի վրա տեղի ունեցած երևույթներն այդ տարիներին համապատասխան գիտական գնահատականներ չեն ստացել: Դրանցից մեկը կապված է թուրքական քաղաքական մշակույթի իմաստավորման հետ:
Փաստական նյութերը շատ են, ասում է Ալեքսանդր Մանասյանը և մեծ նմանություններ է տեսնում 1915 թվականի իրադարձությունների, Ստամբուլում տեղի ունեցած հայկական ջարդերի, հույների սպանդի և Սումգայիթում տեղի ունեցած հայության ջարդերի միջև:
Այնքան մոտ է ձեռագիրը, այնքան նման են իրար, որ դա նույն քաղաքական մշակույթի դրսևորումն է, ասում է քաղաքագետը: Ըստ Մանասյանի` մենք խնդրի այս կողմին պատշաճ ուշադրություն չենք դարձրել: Մենք պետք ուսումնասիրենք նաև մեր քաղաքական վարքը, ինչու մենք դարձանք այդ կոտորածների զոհը և ինչու մենք չկարողացանք դրանց դեմն առնել: Քաղաքագետի խոսքով` հայկական կողմն անտեսել է գորբաչովյան Մոսկվայի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում:
Ալեքսանդր Մանասյանի պնդմամբ մենք շարժման սկզբից անպատրաստ ենք եղել:
Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանառվող բանաձևը թե մենք տարածքներ ենք գրավել, բխում է նրանից, որ մենք Արցախը նույնացնում ենք մարզի հետ, ասում է Մանասյանը։
Ղարաբաղի կենտրոնական և հյուսիսային շրջանները, բանախոսի ձևակերպմամբ, օկուպացված են Ադրբեջանի կողմից: Խնդիրն այն է, որ մենք պահանջում ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը այն դեպքում, երբ այն, ըստ Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի նախագահի, ճանաչվել է մի քանի անգամ։ .
«Մի անգամ ճանաչվել է 20 թվականին, մի անգամ 23-ին, մի անգամ էլ 1990 թվականի ապրիլի 3-ին և Ադրբեջանը կող է քվեարկել դրան»։
Մենք ջնջում ենք սա ու խնդրում նորից ճանաչել, այսում է Մանասյանը՝ առաջարկելով հարգել արդեն ճանաչված իրավունքը:




