

Բուժհաստատություններին տրամադրվող ախտահանիչ նյութերի պետական գնումների մրցույթի արդյունքներից որոշ ընկերություններ դժգոհ են:
Նրանք բարձրաձայնում են այն խոչընդոտները, որոնց հանդիպել են, երբ մրցույթին մասնակցել է առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանին պատկանող «Արմենֆարմ» ընկերությունը:
Ըստ «Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանի՝ խախտվել է «Գնումների մասին» օրենքը:
Պետական գնումներին մասնակցող ընկերությունները հերթական դժգոհությունն են բարձրաձայնում: Այս անգամ բուժհաստատություններին տրամադրվող ախտահանիչ նյութերի համար հայտարարված մրցույթի արդյունքների դեմ է բողոքում «Խաչպար» ընկերությունը: Ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը «Ռադիոլուր» -ի հետ զրույցում նշում է, որ մրցույթում առյուծի բաժինը շահել է առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանին պատկանող «Արմենֆարմ» ընկերությունը:
Դա այն դեպքում, երբ իրենց ընկերության ներկայացրած գինն ավելի մատչելի է: «Գնումների մասին» օրենքով պահանջվում է նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին ճանաչել հաղթող: Սակայն «Արմենֆարմ» ընկերության ներկայացուցիչները կազմում են աղյուսակներ, որտեղ խտանյութերի նոսրացման դեպքում իրենց առաջարկածը դառնում է առավել մատչելի՝ ասում է Սմբատ Բալասանյանը:
Օրինակ՝ կան խտանյութեր, որոնք նույն չափաբաժնի կիրառման դեպքում չեն կարող ազդել միկրոբների վրա: Եթե 1 տոկոսանոց նյութը ազդում է վիրուսի վրա, ապա այդ նույն չափաքանակը չի կարող սպանել տուբերկուլոզի հարուցիչը՝ շեշտում է։ Դրա վրա անհրաժեշտ են ավելի բարձր խտության լուծույթներ:
«Արմենֆարմ» ընկերության ղեկավար Ղուկաս Ուլիխանյանը պնդում է՝ «Խաչպար» ընկերության ներկայացրած նյութը կարող է լինել մի փոքր էժան, սակայն որպեսզի այն ունենա հակաբակտերիալ, հակավիրուսային, հակասնկային ախտահանման ազդեցություն, անհրաժեշտ է պատրաստել երկու տոկոսանոց լուծույթ:

«Արմենֆարմ» ընկերության կողմից առաջարկած խտանյութից կարող են ստանալ 0.25 վերջնական օգտագործման լուծույթ: Իր ընկերության առաջարկած մեկ լիտր խտանյութից ստացվում է 400 լ վերջնական օգտագործման աշխատանքային լուծույթ, որի մեկ լիտրի արժեքն է 22 դրամ, «Խաչպար» ընկերության առաջարկած խտանյութից ստացվում է 50 լիտր վերջնական օգտագործման աշխատանքային լուծույթ, որի մեկ լիտրն արժե 128 դրամ:
«Ստացվում է, որ Արմենֆարմի առաջարկած Անիուս ընկերության ախտահանիչ նյութը մոտ 5-6 անգամ ավելի էժան է «խաչպարի» առաջակած ախտահանիչ նյութից»:
Այն դիտարկմանը, որ նույն չափաքանակը չի կարող ազդել բոլոր վիրուսների վրա, և հատկապես չի սպանի տուբերկուլոզի հարուցիչը, զրուցակիցս հակառակն է պնդում. «Անիոս» ընկերության նյութերը փորձաքննության են ենթարկվում եվրոպական առաջատար լաբորատորիաներում, որից հետո նոր կիրառվում են: Հայաստանում այդ փորձարկումներից զատ ևս անցնում են փորձաքննություն:
«Խաչպար» ընկերության տնօրենը բողոքում է. նախորդ տարիներին Աբովյանի ծննդատան տենդերին մասնակցել է իր ընկերությունն ու շահել 6-7 անուն ախտորոշիչ նյութեր մատակարարելու հնարավորություն: Մատակարարել են, դրանցով ծննդատունն աշխատել է երկու տարի: Այս տարի էլ են մասնակցել նույն սկզբունքով՝ առանց գնային ու որակային փոփոխության, առաջին փուլում հաղթել են, սակայն հեետո ծննդատունը հրաժարվել է նաև դրանից՝ պատճառաբանելով, որ կարող են միկրոբներ լինել:
«Արմենֆարմի հաշվարկների հետևանքով և նախարարի տված գրության ճնշման հետևանքով հանձնաժողովը փոխել է իր որոշումները երկու չափաբաժինների մասով և տվել այն «Արմենֆարմին»: Խաչպար ՍՊը-ի կողմից ներկայացված գումարը 80 լիտրի համար 752 հազար դրամ է կազմում: 752 հազար դրամի փոխարեն Աբովյանի ծննդատունը 1միլոն 296 հզ դրամանոց «Անիոսի» ախտահանիչին»:
Իր դեմ հնչող մեղադրանքներին՝ Ղուկաս Ուլիխանյանը պատասխանում է. անցյալ տարի «Արմենֆարմ»- ը չի մասնակցել, դրա համար էլ իրենց դեմ որևէ մեղադրանք չի հնչել:
«Անցյալ տարի, ինչ եղել է, դա կարելի է վերհանել և տեսնել ինչ է եղել: Բայց այս տարի այդ նույն նյութերը, երբ բարձրացնում ենք, այդ անալիզները, վերլուծությունը կատարում ենք, տեսնում ենք, որ «Խաչպար» ընկերության ախտահանիչ նյութերը 5 անգամ, 5.8 անգամ թանկ է «Արմենֆարմ» ընկերության ներկայացրած «Անիոսի» արտադրության ախտահանիչներից:
«Խաչպար»- ը դիմել է գնումների բողոքարկման հանձնաժողով և սպասում է պատասխանի: Բացի այդ, ըստ տնօրենի, բուժհաստատությունները խախտում են նաև «Գնումների մասին» օրենքի մեկ այլ կետ ևս, հայտարարված մրցույթում գնման առարկայի տեխնիկական բնութագրում նշում են ախտահանիչ նյութի անուն, որն ունի միայն «Անիոս» ընկերությունը: Ուլիխանյանն էլ պատասխանում է՝ հիվանդանոցները ներկայացնում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է: «Խաչպար»-ը բողոքելու է և՛ այս խախտման , և՛ նրա դեմ, որ հենց մրցույթի ժամանակ փոխվում են տեխնիկական բնութագիրները։ Փոխում են խաղի կանոնները՝ ասում է Սմբատ Բալասանյանը:
Մեզ չհաջողվեց կապվել ծննդատան տնօրենի հետ: Ծննդատնից հայտնեցին, որ Լարիսա Մադոյանն արձակուրդն անցկացնում է արտերկրում:
«Ռադիոլուրը» խնդրին մոտեցավ մեկ այլ տեսանկյունից։ Առողջապահության նախարարի խորհրդականի ընկերության՝ պետական գնումներին մասնակցության հարցում կա՞ արդյոք շահերի բախում։ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովից պարզաբանում ստանալ չպաջողվեց, մի քանի օր հեռախոսազանգերին չէին պատասխանում։ Դիմեցինք «Թրանսփարենս ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն։ Իրավաբան Լիանա Ղալթախչյանը նշեց, որ այստեղ կա թվացյալ և պոտնեցիալ շահերի բախում, բայց…
«Հիմա այս դեպքում, ակնհայտ բէ, որ պոտենցիալ և թվացյալ շահերի բախում կա, սակայն փաստացի շահերի բախում կա, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել, քանի որ խորհրդականի գործառույթների մեջ պետք է տեսնենք ինչ է մտնում»:
Եվ վերջում հավելենք, որ 2017 թվականի սեպտեմբերին ՀՀ դատախազությունը հաղորդում է ներկայացրել առողջապահության նախարարությանը, որով առաջարկել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ գնումների գործընթացում ախտահանիչ նյութերի տեխնիկական բնութագրերի սահմանման ոլորտում լրացնել առկա օրենսդրական բացը՝ նախատեսելով պետական կամ համայնքային մասնակցությամբ բժշկական հաստատությունների կողմից կիրառման ենթակա ախտահանիչ միջոցների ներկայացվող ընդհանուր տեխնիկական պահանջներ՝ բացառելով նշված հաստատությունների կողմից գնման գործընթացում կոնկրետ ապրանքանիշի կամ տնտեսվարող սուբյեկտի առավելություն կամ նախապատվություն տալու հնարավորությունը:




