Հասարակություն

Որսագողության դեմ պայքարի մասին՝ Վայրի բնության համաշխարհային օրը


Այսօր աշխարհում նշում են Վայրի բնության համաշխարհային օրը: Այս տարի այն նվիրված է խոշոր կատվազգիներին, որոնք վտանգված են աշխարհում` որսագողության թիրախում են, պահանջում են ապրելավայրերի մեծ տարածքներ:

Բնապահպանության նախարարությունը  բնության  համաշխարհային հիմնադրամի հետ փորձում է վերաբնակեցնել  որսագողության արդյունքում կորցրած ցեղատեսակները: Ի՞նչ ցեղատեսակի մասին է խոսքը, և ինչպե՞ս պայքարել որսագողության դեմ:

Բնության համաշխարհային հիմնադրամի հրապարակած զեկույցի համաձայն` նախորդ դարի 70-ականներից  սկսած աշխարհում վայրի կենդանիների թվաքանակը կրճատվել է 2 անգամ: Հայաստանում կովկասյան  ազնվացեղ եղջերուն անհետացել է 50-ականներին որսագողության արդյունքում` ասում է «Բնության համաշխարհային  հիմնադրամ- Հայաստան»- ի բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը:

Հիմա այն հետ բերելու փորձ է արվում: Բնության համաշխարհային հիմնադրամն ու բնապահպանության նախարարությունը համատեղ  իրականացնում են վերաբնակեցման  ծրագիր: Իրանից կովկասյան ազնվացեղ եղջերուի առաջին խմբաքանակին են սպասում: Նշածս կենդանատեսակը սկզբնական շրջանում վերաբնակեցվելու է Դիլիջան ազգային պարկում, որտեղ կբազմացվի ու բաց կթողնվի վայրի բնություն:

«Մենք կորցրել ենք այդ տեսակը Հայաստանում, հիմա փորձում ենք  հետ բերել:  Թանկ  հաճույք լինելուց բացի նաև մարտահրավեր է կենդանատեսակ հետ բերելը: Պետք է հասկանալ ու արժեւորել, որ վաղը չփորձենք հետ բերել հարևան երկրներից»:

Վտանգված կենդանատեսակներից է  կովկասյան ընձառյուծը: Տարածաշրջանում դրանցից մնացել է 7-9 է: Ռուսաստանում ցեղատեսակի վերաբնակեցման ծրագիր են իրականացնում:

«Ինչ ունենք այս պահին՝ պետք է կարողանանք  պահել, որովհետև մենք  այնքան հարուստ չենք, որ  անհետացած բոլոր տեսակները կարողանանք  վերականգնել»:

Ակտիվ հանքարդյունաբերության և որսագողության  արդյունքում  վտանգված է հարուստ  կենսաբազմազանություն ունեցող Հայաստանի էկոհամակարգը: Տարածաշրջանում կենսաբազմազանության թեժ կետերից է Հայաստանը՝ ասում է «Հանուն կայուն զարգացման» կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն ու  նշում՝ թեև կորուստներ ունեցել ենք, սակայն ներկայացված թվերը տարօրինակորեն այլ պատկեր են ցույց տալիս։ Բնապահպանը թերթեց Կենսաբազմազանության  պահպանության կոնվենցիայի  4-րդ զեկույցն ու  զարմանքով ներկայացրեց Հայաստանի վերաբերյալ  թվերը:

«Հայաստանում 1000 քմ կմ-ի վրա ցածրակարգ բույսերի տեսակների քանակը 161,8 է, իսկ աշխարհում՝ 0.15: Բարձրակարգ բույսերը Հայաստանում՝ 131,66, իսկ աշխարհում՝ 1,67: Նույնը՝ կենդանիները: Կաթնասունները մեզ մոտ՝ 2,76, իսկ աշխարհում 0,03»:

Կենդանատեսակների պահպանության համար, անհրաժեշտ է վերահսկել որսի գործընթացը, որը ոչ մի կերպ Հայաստանում չի իրականացվում:  Դրա համար չկան նախադրյալներ: Հիշեցին  Հայանտառ ՊՈԱԿ-ի դժգոհությունները՝ ինչպես վերահսկել հսկայական անտառները, եթե ունեն չնչին աշխատավարձով աշխատող քիչ անտառապահներ: Բացի սա, անտառապահը չունի զենք, որով պետք է պաշտպանվի, օրինակ զինված որսագողից:  Հուսով են, որ այս ոլորտում նախաիեսված փոփոխություններից հետո, այս խնդիրներին էլ կտրվեն լուծումներ:

Կարդացեք նաև

Back to top button