ԿարևորՄշակույթ

Վերջին հրաժեշտ՝ Ալբերտ Մկրտչյանին․ նա ապրեց 81 տարի ու մեկ օր՝ իր հետ տանելով մկրտչյանական կինոյի ձեռագիրն ու գյումրվա կոլորիտը

«Մհեր Մկրտչյան»  արտիստական թատրոնում այսօր վերջին հրաժեշտն են տվել  ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ և բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանին: Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Երևանի քաղաքային պանթեոնում:

Ալբերտ Մկրտչյանը կյանքից հեռացել է փետրվարի 28-ին: Նախորդ օրը՝ փետրվարի 27-ին լրացել էր նրա 81-ամյակը: Ռեժիսորը ծնվել էր 1937 թվականին Լենինականում: Հայտնի ու սիրված դերասան Մհեր Մկրտչյանի կրտսեր եղբայրն է:

Նա ծնվել էր Լենինականում, ինչպես ինքն էր սիրում ընդգծել Գյումրու նախկին անվանումը: Իր մեջ խորապես կրում էր  հարազատ քաղաքի  հոգևոր, մշակութային, անգամ կենցաղային շերտերը,  և կարողանում էր  այդ իրականությունն ՝ իր բոլոր դրսևորումներով, փոխանցել  մկրտչյանական կինոյի լեզվով: Ալբերտ Մկրտչյանի  առաջին ֆիլմը «Լուսանկար»-ն էր, հետո նկարեց «Հուշարձանը». հետաքրքիր կինոմտածողության առկայությունն ակնհայտ էր:  Ռեժիսորի  տաղանդի ու ինքնատիպ ձեռագրի ցայտուն դրսևորոմները դարձան «Խոշոր շահում», «Կյանքի լավագույն կեսը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս», «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմերը:

«Գյումրու միջոցով նա կինո բերեց ազգայինը »,-ասում է  կիոնգետ Սուրեն Հասմիկյանը։

«Կա կինոյի մի տեսակ, որի նվիրյալն էր Ալբերտ Մկրտչյանը: Դա կոչվում է իրական սիրո հենքի վրա ստեղծված ժողովրդական կինո, որը միշտ ապրելու է»,- Կինեմատոգրաֆիստնեի միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյան։

Գյումրու  նախկին կենտկոմի քարտուղար Դոնարա Հարությունյանն Ալբերտ Մկրտչյանին ճանաչում էր դեռ դպրոցական տարիներից: Եղբոր հետ համադասարանցիներ էին: Սիրով ու կարոտով է հիշում հատկապես այն տարիները, երբ Ֆրունզիկ ու Ալբերտ Մկրտչյաններն իրենց հարազատ քաղաքը վերածում էին մի մեծ կինոտոնի, որը միայն նկարահանումներով չէր սահմանփակվում: Գյումրու  նախկին կենտկոմի քարտուղարն այդ ամենի ակտիվ մասնակիցն ու հաճախ հովանավորն էր։

«Մեր մանկության տանգո»-ի հուշերն էին այսօր համակել հատկապես թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանին: Ալբերտ Մկրտչյանն իր ձեռագիրը թողեց նաև բեմադրական արվեստում, եղավ «Մհեր Մկրտչյան»  արտիստական թատրոնի հիմնադիրը: 2015 թվականին արտիստական թատրոնը հանձնեց որդուն՝ Մհեր Մկրտչյանին: Վիճակն արդեն լավ չէր, սկլերոզը գնալով խորանում էր:

Վերջին տարիներին նոր ֆիլմ էր ձեռնարկել՝ Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակի հիման վրա: Բավական աշխատանք էր արվել, երբ գլուխ բարձրացրեց չարաբաստիկ հիվանդությունը: Իր իսկ ցանկությամբ հրաժարվեց ֆիլմից՝ այն ավարտին չհասցնելով: Նա ապրեց ուղիղ 81 տարի ու մեկ օր՝ իր հետ տանելով մկրտչյանական կինոյի ձեռագիրն ու գյումրվա կոլորիտը: Իսկ ապրողներին թողեց մկրտչյանական կինոլեզվին անդավաճան իր չափազանց զգայուն ֆիլմերը:

Կարդացեք նաև

Back to top button