
Այսօր խորհրդարանում նախընտրական օր էր: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հանրապետության նախագահն ընտրելու է ԱԺ-ում պատգամավորների կողմից: Այսօր ամբողջ օրը խորհրդարանում էր ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:
1 ժամվա ընթացքում ներկայացրեց նախընտրական-ծրագրային ելույթ, պատասխանեց հարցերի, լսեց բոլոր ելույթները: Բայց առաջինը, ինչ արեց նա մոտենալով Աժ-ի ամբիոնին՝ մեկ րոպե լռությամբ հարգեց 10 տարի առաջ մարտիմեկյան դեպքերի ժամանակ զոհվածների հիշատակը:
Արմեն Սարգսյանի առաջադրման փաստաթղթերը խորհրդարան էր հանձնվել երեկ՝ առաջադրումների վերջին օրը, վերջին պահին, կոալիցիոն ուժերի 65 պատգամավորիստորագրությամբ:
Այսինքն՝ առաջադրման փաստաթուղթը ստորագրել են կոալիցիոն ուժերի առանց բացառության բոլոր պատգամավորները: ՀՀ 4-րդ նախագահի համար այլընտրանքային թեկնածու, ինչպես հայտնի է, չկա: Ընտրությունները՝ փակ գաղտնի քվեարկությամբ կկազմակերպվեն վաղը:
Երկար քարոզարշավի փոխարեն շուրջ մեկ ամիս նախընտրած վայրերում հանդիպումներ եւ ընդամենը մեկ նախընտրական օր Աժ-ում: Նոր ընտրակարգով ընտրվող ՀՀ 4-րդ նախագահին այսօր ուղղվեց ընդամենը 7 հարց, նա լսեց 11 ելույթ: Եթե կոալիցիոն ուժերը պնդում են, որ դեսպան Արմեն Սարգսյանն այն անձն է, ով համապատասխանում է Սահմանադրությամբ երկրի նախագահի նախանշած բոլոր չափորոշիչներին, ապա ընդդիմադիրներն այս թեկնածուի առումով ունեն մեկ լուրջ վերապահում՝ դա թեկնածուի քաղաքացիության հարցն է:
Ուր է այն փաստաթուղթը, որը կհաստատի վերջին 6 տարիներին թեկնածու Արմեն Սարգսյանի ՀՀ քաղաքացիությունը: Պատգամավորներն այսօր այդ փաստաթուղթն այդպես էլ չտեսան, նրանց չէին տրամադրվել անհրաժեշտ փաստաթղթերը, խորհրդարանի ղեկավարը դա համարեց տեխնիկական խնդիր եւ նկատողություն արեց քարտուղարությանը:
Հետագա քննարկումներից պարզ դարձավ՝ այս հարցում յուրաքանչյուրն ունի իր իրականությունը: ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի պնդմամբ՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից նա հրաժարվել է վաղուց եւ 2011 թվականի դեկտեմբերի 2-ից բացառապես ՀՀ քաղաքացի է: Ընդդիմադիրները հիշեցնում են օտարերկրյա մեկ ընկերության աուդիտի փաստաթուղթ, որտեղ Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը մինչեւ 2014 թվականը նշված է բրիտանացի: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի երկխոսությունից մի հատված:
Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ամենեւին չի կաշկանդում, որ այս անգամ ՀՀ նախագահի ընտրություններն անցնելու են առանց այլընտրանքի: Համենայնդեպս, իրեն այս հարցի հասցեատերը չի համարում:
Իր ծրագրային ելույթի համար ՀՀ նախագահի թեկնածուն գրառումներով մոտեցավ ԱԺ ամբիոնին: Խոսեց բազմաթիվ թեմաներից՝ սոցիալական արդարությունից, արտագաղթից, դեմոգրաֆիկ խնդիրներից մինչեւ անհանդուրժողականություն, կրթական համակարգ եւ ներդրումներ:
Ներդրումներին խանգարող հիմնական խնդիրը կոռուպցիայի մակարդակն է: Արմեն Սարգսյանը գիտակցում է իրավիճակը, օգտագործում «կործանարար նշանակություն երկրի համար» ձեւակերպումը: Այս փուլում, սակայն, խուսափում է օրինակներով խոսելուց եւ սահմանափակվում է ընդհանուր ձեւակերպումներով: Չի նշում, թե Հայաստանում կոռուպցիոն որ դեպքն է իրեն ամենաշատը զայրացրել:
Թեկնածու Արմեն Սարգսյանին գոհացնում է միջազգային ասպարեզում Հայաստանի որդեգրած «եւ-եւ»-ի քաղաքականությունը: ԵԱՏՄ-ի եւ ԵՄ- ի հետ միաժամանակյա համագործակցությունը համարում է Հայաստանի «նոու հաուն», որը կարելի է ճիշտ օգտագործել: Իսկ Հայաստանի վարկանիշն այս հարցում քաղբանտարկյալների հարցի շահարկումը չի խանգարի՝ հիմնավորում է Արմեն Սարգսյանը:
Իսկ ինչ կարող է իրականում խոստանալ եւ անել երկրի նախագահը, որը պաշտոնավարելու է ավելի պակաս լիազորություններով, քան՝ իր նախորդները: Այս հարցում օգնության հասավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:
ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունները փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանում կկազմակերպվեն վաղը: Աժ-ում ներկայացված 4 քաղաքական ուժից 3-ի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ սատարելու են առաջադրված թեկնածուին: Այսպիսով, ըստ ամենայնի, կարելի է խոսել առաջին փուլով նախագահ ընտրելու մասին:




