

Երեւանի Նժդեհ փողոցին հարող նրբանցքում՝ Բելինսկու անվան դպրոցի անմիջապես կողքին, խիստ գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է: Այստեղով անցնող Գետառի այդ հատվածը լի է աղբով ու տիղմով:
Կեղտաջրերում կուտակված աղբի սաստիկ նեխահոտը զգալի է անգամ հեռավորության վրա՝ հատկապես այն ամիսներին, երբ գետի ջուրը չի հոսում:
Գեռատի այդ հատվածի հարեւանությամբ բնակելի շենքեր են, դպրոց: Դպրոցի՝ այդ կողմ նայող պատուհաններն ամուր փակված են՝ փորձելով գոնե որոշակիորեն նվազեցնել նեխահոտը դասարաններում: «Ռադիոլուր»-ը գնացել է գարշահոտ խնդրի ու դրա պատճառների հետքերով:
Եղանակը տաքանում է, ու Երեւանի հիմնական փողոցներից մեկի՝ Նժդեհի բնակիչները սարսափով սպասում են վերջին տարիներին իրենց պատուհասած՝ բառի ամենաուղիղ իմաստով գարշահոտ խնդրի սրմանը: Բելինսկու անվան դպրոցի կողքով անցնող Գետառն այս հատվածում վերածվել է ջրային աղբանոցի: Նեխահոտն ու միջատները հանգիստ ու դադար չեն տալիս: Ահազանգի հետքերով եղանք գարշահոտ վայրում:
Թաղամասի բնակիչները «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վրդովված պատմում են, որ հատկապես վերջին երկու տարում կեղտաջրերի պատճառով իրենց նոր խնդիր է պատուհասել՝ խոշոր ու կեղտոտ մոծակներ, որպիսիք մինչ այդ իրենք չեն տեսել: Ներկայացնենք տարածքի բնակիչների ու անցուդարձ անողների հետ փոքրիկ հարցախույզը:
Բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը նկատում է, որ Գետառը միայն այդ մասում չէ, որ աղբանոցի է վերածվել, ու դա առաջին հերթին հենց քաղաքացիների մեղքով է: Գերեզմանոցների ծաղկեպսակներից մինչեւ կենցաղային աղբ այստեղ են լցնում: Աղբն այնքան է շատացել, որ գետն ինքնամաքրման ֆունկցիան էլ է կորցրել: Զրուցակիցս խնդրի լուծման հիմքում քաղաքակիրթ մոտեցման անհրաժեշտություն է տեսնում, բայց եւ լրջորեն մտահոգվում ստեղծված խնդրի առնչությամբ:

«Էդ խոշոր մոծակները կարող են շատ վտանգավոր լինել: Դրանք նստում են այդ աղբի վրա, խմում այդ ջուրը, հետո խայթում մարդկանց ու կարող են հազար տեսակի վարակներ փոխանցել, անգամ մալարիա: Դա շատ վտանգավոր է»:
Նժդեհ փողոցի բնակիչները հարց են բարձրացնում՝ տարին մեկ անգամ գետի հունը կիսատ-պռատ մաքրելը խնդիրն անգամ տեղից չի շարժում: Իսկ Երեւանի քաղաքապետարանից վստահեցնում են՝ Երևանի քաղաքապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կվերահսկի մարտի 1-ից Գետառի հունի մաքրման աշխատանքների ընթացքը:
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը շեշտում է՝ եթե գետի հունը պարբերաբար չմաքրվեր, հիմա աղբը փողոց էր հասել: Եւ եթե քաղաքացին քաղաքին իր տան նման վերաբերվի, մաքրած տարածքը մաքուր կմնա՝ ասում է Գեւորգյանն ու հերթական անգամ հորդորում գետն աղբանոցի չվերածել, ոչ թե հույսը դնել աղտոտողներին տուգանելու վրա:
«Վստահեցնում եմ, որ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ բոլոր նման տարածքներում մաքրման աշխատանքներ են իրականացվում: Իսկ ստեղծված իրավիճակի պատասխանատուն, ըստ էության, այն քաղաքացիներն են, ովքեր այդպես էլ չեն պատկերացնում՝ ինչ են քաղաքում ապրելու համակեցության կանոնները»:
Թաղամասի բնակիչներն իրենք էլ են ընդունում՝ այո, գետի մեջ աղբ են նետում հենց իրենց կողքին ապրողները: Մյուս կողմից էլ հարց են բարձրացնում՝ տարածքում աղբամաններ էլ չկան: «Ոչ թե չկան, այլ գուցե քիչ են, որովհետեւ այդ մասով աղբատար մեքենաները չեն կարողանում անցնել»,- «Ռադիոլուր»-ին ասում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը: Խնդրին նոր չէ, որ տեղյակ են: Փորձում ենք լուծել՝ ասում է, բայց
«Դուք գիտեք՝ մեզանով չէ, մենք տեղում բյուջե չունենք: Ծախսերի մասով դիմում ենք քաղաքապետին: Փորձենք»:
Արմեն Սարգսյանը եւս խնդրի հիմքում քաղաքացիների մեղքն է տեսնում. իրենք աղտոտում են, իրենք էլ պահանջում մաքրել՝ շեշտում է: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին փոխանցում ենք բնակիչների առաջարկը՝ Գետառի այդ հատվածի կողքով խիտ ցանց անցկացնել, նախ՝ որ բնակիչները չկարողանան այլեւս աղբ նետել, հետո էլ այդտեղով անցնող դպրոցականների համար պակաս վտանգավոր կդառնա, քանի որ գետը ճանապարհից որեւէ պատնեշով առանձնացված չէ: Արմեն Սարգսյանը հին խնդրին նոր խոստումով է արձագանքում:
«Բոլոր դեպքերում խնդիրը պահանջում է լուծում: Փորձելու ենք ամեն ինչ անել: Քաղաքացիներին էլ ենք հորդորում՝ աղբն այդտեղ չնետել: Տեսնենք՝ ինչ հնարավոր է՝ կանենք: Խոսք եմ տալիս»:
Քաղաքացիները սպասում են խոստումների կատարմանը ու խնդրի արմատական լուծմանը:




