

Ձմեռն այս տարի անցավ գարնանը բնորոշ տաք եղանակով:
Այսօր արդեն՝ գարնան առաջին օրը, քաղաքացիների ու գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների մտավախություններն ու ցանկությունները կապված գարնան հետ տարբեր են:
Իսկ օդերեւութաբանների կանխատեսումները կարծես կգոհացնեն թե քաղաքի բնակիչին, թե գյուղացուն։
2018-ի ձմեռն ընդհանուր առմամբ գոհացրեց քաղաքացիներին: Տուն տաքացնելու խնդիր հիմնականում չեն ունեցել, ազատ տեղաշարժվել են, ճանապարհները անցանելի են եղել: Մի խոսքով՝ քաղաքացին գոհ է 2018-ի ձմեռվանից:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հավաստում է՝ քաղաքացիների ուրախությունը մարտին չի խաթարվի: Իրեն հատուկ ձևով մարտը գիժ չի լինելու՝ ասում է:
«4-5 աստիճանով նորմայից բարձր կլինի»:
Այս տարի տաք գարնան ներկայությունը մեր երկրում ապրող քաղաքացիների համար հակասական է՝ սպասված ու ոչ այնքան: Գյուղացին էլ գոհ կլիներ, եթե հողի հետ գործ չունենար՝ ասում են:

Ծառ ու այգի ունեցող, հող մշակող գյուղացու համար տաք ձմեռն ու գարունը ստիպում են առավել քան ուշադիր լինել ծաղկած ծառերի նկատմամբ: Մտավախությունը մեծ է, ցրտահարություն լինի՝ ամռանը բերք չեն ունենա: Չնայած՝ տաքն էլ մի բան չի, երաշտի վախ կա, ասում են գյուղացիները:
Գագիկ Սուրենյանն ասում է, գյուղացիների համար էլ լավ գարուն է սպասվում: Տեղումները շատ կլինեն, այգիներն անջուր չեն մնա:
1988-ին եւս տաք ձմեռ էր, թեեւ անցած տասնամյակներում եղանակը որևէ օրինաչափության մեջ չի տեղավորվել: Եվ ցուրտ ձմեռներ են եղել և տաք: Այս տարի փոխվեց նաեւ քաղաքական օրինաչափությունը։ Եթե 1988-ի, 1998-ի և 2008-ի ձմեռներին հատուկ էր քաղաքական ջերմությունը, քաղաքական մթնոլորտում բավական տաք էր ու կրակոտ: 2018-ն այդ օրինաչափությունից դուրս է՝ տաք ձմեռ, քաղաքական բավականին պաղ մթնոլորտով:




