

1988 թվականի Սումգայիթի կոտորածներից անցել է 30 տարի եւ այսօր 29- րդ անգամ նախկին սումգայիթցիները բարձրանում են Ծիծեռնակաբերդ՝ հիշելու, աղոթելու իրենց զոհված հարազատների հոգիների հանգստության համար:
Այսօր եւս սումգայիթյան զոհերի հիշատակի խաչքարի մոտ մարդաշատ էր:
Ծիծեռնակաբերդի բարձունք եմ բարձրանում՝ երեսուն տարի առաջ խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած կոտորածների զոհերի հիշատակի խաչքարի մոտ այդ ջարդերը վերապրածների ու ականատեսների հետ:
Մելքումյանների ընտանիքի հարսներն ու երեխաներն են միայն ողջ մնացել՝ երկու հարսներն էլ խոսելու փոխարեն լուռ լաց են լինում: Քանի տասնյակ տարի էլ անցնի, խոսելը դժվար կլինի: Հարսների ու երեխաների կյանքը փրկել է Մելքումյան եղբայրների 20-ամյա քույրը: Մնացածը փրկվել չեն հասցրել: Հարսներից ոչ ոք այսօր չխոսեց:
Նախկին սումգայթցիներից հետաքրքրվում եմ, թե քաղաքի անունն ինչ է նշանակում: Հարցս հուզված կանանց մեջ աշխուժություն է գցում: Սկսում են խոսք փոխանցելով խոսել:
Գոհար Ալախվերդյանն իր ու իր ընտանիքի փրկությունը բախտի գործն է համարում: Եզակիներից են եղել, որ ընտանիքով են ողջ մնացել, ասում է: Նոր թաղամասում են ապրել, ադրբեջանցիներն իրենց տան հասցեն չեն իմացել:
Բոլոր այս պատմությունները հայտնի են դարձել վերապրածների, ականատեսների պատմածով: Երեսուն տարի անց էլ ոչինչ ասել էլ չեն ուզում, ասում են՝ այսքան ժամանակ խոսել են: Ուզում են տեսնել հատուցումը, ուզում են, որ գոնե մի ոճրագործ պատժվի:
Իսկ տիկին Գոհարի հիշողություններում մինչև կոտորածները Սումգայիթը մռայլ ու միագույն քաղաք չէր:
Ամեն տարի փետրվարյան վերջին օրերին խաչքարի մոտ հավաքվում է ողջ մնացած սումգայիթցիների մի քանի ընտանիք: Բարձունքում այս տարի պատանի երկրապահներն էլ էին:
Պատանիներին սովորեցնել ու ներկայացնել սումգայիթյան, հետո դրան հաջորդած Բաքվի դեպքերը կարևոր են, շեշտում է Պատանի երկրապահ ակումբի շտաբի պետ մայոր Հարությունյանը:
Իսկ սումգայիթցիներն այլեւս չեն ուզում պատմել այդ դաժան օրերի մասին։ Իրենց ու իրենց զոհված հարազատների հոգիների հանգստության համար մի բան է պետք՝ տեսնել, որ 1988 թվականի փետրվարյան կոտորածների կազմակերպիչներից գոնե մեկը պատժվում է:




