Քաղաքական

Նոր խորհուրդ՝ հին դեմքերով. ԱԺ-ն ձեւավորում է Բարձրագույն դատական խորհուրդ


Այսօր խորհրդարանում ընտրությունների օր էր: Ընտրել են Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին եւ Աժ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին:

Վերջին պաշտոնը ՍԴ տեղափոխվող Հրայր Թովմասյանի փոխարեն զբաղեցնելու է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ավելի երկար ժամանակ է հատկացվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների նախընտրական ելույթներին եւ նրանց ուղղված հարցերին՝ սկսած կոռուպցիայից մինչեւ քաղբանտարկյալներ, բազմաթիվ այլ սուր հարցադրումներ:

Ի վերջո, անգամ կոալիցիայի անդամներն ընդունեցին, որ այսօր գործող Արդարադատության խորհուրդը ձախողել է:

Մի քանի օրից՝ մարտի 23-ին, ավարտվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը նա դառնալու է 70 տարեկան, բայց՝ ոչ թոշակառու: Այսօր արդեն խորհրդարանում դրվեցին նրա նոր աշխատանքի հիմքերը: Գագիկ Հարությունյանը 5 թեկնածուներից առաջինն է, ում խորհրդարանը ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Այսօր ԱԺ- ում Հարությունյանը հիշեց, որ տարբեր պաշտոններում իր աշխատանքի սկիզբը դրվեց հենց այդ շենքից:

Համարվում է, որ 10 դատավորից բաղկացած խորհուրդը ավելի բարձր անկախություն է ապահովելու դատական իշխանության համար, քան մինչ այս գործող Արդարադատության խորհուրդը, որն ի պաշտոնե գլխավորում էր ՀՀ նախագահը։ Դեռեւս ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մոտիկից է ծանոթ՝ ինչ ենք ունեցել համակարգում, հետեւաբար գիտակցում է՝ ուր է անհրաժեշտ գնալ եւ ինչ սխալներ շտկել:

Հայաստանյան արդարադատության որակին շատ մոտիկից ծանոթ է նաեւ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Նա նույնպես առաջիկայում աշխատելու է Բարձրագույն դատական խորհրդում: Իր թեկնածությունն առաջադրելուց անմիջապես հետո ստիպված էր լսել մեղադրանքներ նախկին կալանավոր, այժմ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից:

Բարձրագույն դատական խորհրդում 5 տարի աշխատելու է նաեւ Լիպարիտ Մելիքջանյանը:  Իբրեւ սկզբունքային ներկայացվող այս թեկնածուն մեկ տարի առաջ փորձում էր պատգամավորի մանդատ ստանալ: Նրա անունը «Ելք» դաշինքի ցուցակում էր: Բայց այժմ, ինչպես ասվում է, արվել է այնպիսի առաջարկ, որից հրաժարվել չէր կարող՝ անկեղծանում է Մելիքջանյանը:

Բարձրագույն դատական խորհրդում սերնդափոխություն ապահովելու համար խորհրդարանը չորրորդ եւ հինգերորդ թեկնածուներին ընտրեց երիտասարդներից:  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյան եւ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյան: Այս գործիչները հատկապես զգուշավոր էին իրենց ուղղված պատգամավորների հարցերին պատասխանելու ընթացքում:

Բարձրագույն դատական խորհրդում աշխատելու գործուղվող մասնագետներին հատկապես լարում էր նախագահ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը, նրա վարչապետ առաջադրվելու-չառաջադրվելու հարցը, 2014 թվականի ապրիլի 10-ին  սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նրա արտահայտած այն միտքը, թե վստահ է, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին: Բոլորը այս կամ այն կերպ խուսափեցին պատասխանից: Հարցում հստակեցում որոշեց մտցնել Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Վերադառնանք բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրությանը: Խորհրդարանում կազմակերպվեց փակ գաղտնի քվեարկություն եւ բոլոր թեկնածուներին հաջողվեց ստանալ պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայները: Խորհրդի մյուս 5 անդամներն արդեն կնշանակվեն դատարանների կողմից:

Կարդացեք նաև

Back to top button