
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատավճիռը: Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի վճիռը:
Նրանք բողոքարկում էին Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որի համաձայն Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազարկման այն բանի համար, որ մի խումբ անձանց դրդել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Տվյալ դեպքում խոսքը 5 հազար եվրո թղթադրամների մասին է, որոնք, ըստ քրեական գործի նյութերի, եղել են օրինական շրջանառությունից հանված և հատուկ ներկով պատված: Երեկ իր եզրափակիչ խոսքում Սամվել Բաբայանը դատարանին հորդորել է հետևել «արդար փաստերին, նոր վճիռ կայացնել ու այս կրկեսը թարգել»:
Այսօր հրապարակած որոշմամբ՝ դատարանը ուժի մեջ թողեց նաև վերաքննիչ բողոք ներկայացրած Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի պատժաչափերը՝ երեք և երկու տարվա ազատազրկում: Սամվել Բաբայանը հայտարարեց, որ գնալու է մինչև վերջ՝ բոլոր ատյաններով:
Դատավճռի հրապարակումից հետո, դահլիճում ներկա գտնվողները սկսեցին վանկարկել «ամոթ»։




