

Մինչ ԱԺ պատրաստվում է շրջանառության մեջ դնել Սումգայիթի ջարդերի մասին հայտարարությունը, պատմաբանը, ականատեսները պնդում են, որպեսզի կատարվածը որակվի իբրև ցեղասպանություն:
Նրանք այսօր վերհիշել են սումգայիթյան դեպքերն ու որոշ առաջարկներ ներկայացրել։
Այն, ինչ տեղի ունեցավ 30 տարի առաջ այս օրերին Սումգայիթում։ ցեղասպանություն էր և կատարվածը պետք է իր անունով կոչել՝ ասում է ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը։
Նրա համոզմամբ՝ դա սկզբունքային հարց է նաև ղարաբաղյան խնդրով ընթացող բանակցություններում: Նա կոպիտ սխալ է համարում բանակցություններում այս հարցը չներառելու հայկական կողմի մոտեցումը, որոշ առաջարկներ է ներկայացնում նաև փախստականների հարցում:
«Սա իրավական ու պատմական հիմք ունեցող փաստ է: Թող ադրբեջանցի փախստականներին բերեն բնակեցնեն ազատագրված տարածքներում»:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, լիովին համաձայնելով կատարվածը ցեղասպանություն որակելու տեսակետին, վկայակոչեց Ադրբեջանական ԽՍՀ կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1990-1991), Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը, որոնցից արզորոշ երևում է, որ միայն Բաքվում այդ ժամանակ 500 հազար հայ է բնակվել, ովքեր հետո փախստական են դարձել.
«Այսուհետ պետք է 860 հազար հայ փախստականների իրավունքների մասին պետք է խոսել»:
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը 1915-ից 23 թվականների շարունակություն է համարում Սումգաիթի դեպքերը, հետևաբար՝ պետք է դրանք որակել որպես ցեղասպանություն: Նա սումգայիթյան դեպքերից մեկ ամիս անց անձամբ այցելել է Սումգայիթ, նկարահանումներ արել և փաստերը զետեղել «Սումգայիթյան օրագիր» գրքում։ Այն հրատարակվել է ընդամենը 200 օրինակով:
Նրանք քարոզչական դաշտում հայկական կողմում ակտիվության պակաս են նկատում, իսկ քաղաքական դաշտում որդեգրած կեցվածքը որակում պարտվողական։ Մինչդեռ կան փաստեր, որոնք, ըստ շահագրգիռ անձանց, պետք է ներառել բանակցություններում ու կատարվածին տալ «ցեղասպանություն» որակումը:




