

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին. ինչպես է ստացվել, որ Երևանի հատուկ դեպրոցներում, որոնք նախատեսված են մտավոր թերզարգացում կամ խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների համար, սովորում են նաև որևէ խանգարում չունեցող երեխաներ:
Երևանի հատուկ դպրոցներում ոտնահարվում են երեխաների իրավունքները, ահազանգում է «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա համոզված է, որ վերջին տարիներին հատուկ դպրոցներում երեխաների թվի ավելացումը աղքատության և արտագաղթի հետևանք է:
Անահիտ Բախշյանը համոզված է՝ հատուկ դպրոցներում սովորող երեխաների մեծամասնությունը առանձնահատուկ կրթության կարիք չունի։ Նրանցից շատերը լիարժեք կարող են հաճախել հանրակրթական դպրոց:
Իրականում այս երեխաների թվի ավելացումը ձեռնտու է դպրոցի տնօրեններին, որոնք յուրաքանչյուր երեխայի համար լրացուցիչ գումար են ստանում պետությունից, նկատում է Բախշյանը:
Նման փակ հաստատություններում իսկապես լուրջ խնդիրներ կան: Հատատություն կա, որտեղ ավելացնում են աշակերտների թիվը զուտ ֆինանսավորման նպատակով, հաստատություն էլ կա, որտեղ տնտեսում են այդ ֆինանսները երեխաների սննդի հաշվին: Անահիտ Բախշյանն այս խնդիրների մասին արդեն տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ սպասում է ուսումնասիրության արդյունքներին։
ՄԻՊ-ի գրասենյակից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ խնդիրն արդեն ուսումնասիրվում է: Արդյունքների մասին «Ռադիոլուրին» խոստացան ավելի ուշ հայտնել: Այս խնդիրն, ի դեպ, նաև ԿԳ նախարարի ուշադրության կենտրոնում է:
Իսկ ընդհանրապես, Անահիտ Բախշյանը համոզված է՝ կրթության ոլորտում ներառականության սկզբունքն այլընտրանք չունի, հատուկ դպրոցներ Հայաստանում պետք է չլինեն:




