

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը մարդաշատ է: Առիթը Հանրային ռադիոյի <<Ապրելու բանաձև>> հաղորդաշարի և նույնանուն մատենաշարի հեղինակ Գոհար Մարիտիկյանի հերթական 11-րդ հատորի շնորհանդեսն է։ 10 և 11 –րդ հատորի հերոսները 2016- ի ապրիլյան պատերազմում անմահացածներն են: Քառօրյա պատերազմում հանուն խաղաղության պայքարի անկախության սերնդի տարած հաղթանակի պատմություններն են ամփոփված այստեղ: Նրանց հետ ծնվում եմ, նրանց հետ կռվում, նրանց հետ հերոսանում և հետո անցնում հաջորդ հերոսին՝ ասում է Գոհար Մարտիկյանը:

Արցունքով ու ժպիտով միախառնված զրույցներից ծնված պատմություններ, որոնք էլ հատորից հատոր միաձուլել են տարբեր անհատականությունների: Նման պատմություններով են դաստիարակվում սերունդները: 2016 թվականի ապրիլյան պատերազմը դրա լուռ վկայությունն է:

Հերոսամարտիկների քաջագործություններն անմահացնող Գոհար Մարտիկյանը յուրաքանչյուր զոհված հերոսի կենսագրության մեջ մշտապես ներառում է նաև այն ընկերներին, որոնք ևս արժանի են հիշատակության և նրանց կենսագրությունը ևս պետք է մնա պատմության մեջ: Հերոսական պատմությունների մեկ դրվագում ապրողների մասին հիշատակություններ ևս լինում են: «Իմ կարծիքով ապրողների համար կյանքն ամենամեծ պարգևն է և հարկավոր է գոնե հիմա պարգև տալ նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել»:




