
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց բարելավել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում ծառայությունների մատուցման որակը: Վարչապետը նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարում ունեն բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովները։
Կարեն Կարապետյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ, հստակ անդրադարձ կատարելով՝ փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի և բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման, ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցման, բժշկական և կենսագործունեության փորձաքննությունների տարանջատման, ինչպես նաև գործընթացի թվայնացման և էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին։
«Մենք այս հարցերը քննարկել ենք երկու նախարարների հետ: Այն ուրվագիծը, որ նրանք առաջակում են, պրինցիպիալ որակապես փոխելու է այդ ոլորտը: Այնպես որ, վստահ եմ, որ մեկամյսա ժամկետի մեջ մենք կստանանք նոր խաղի կանոններ այդտեղ»,- նշեց Կարեն Կարապետյանը:




