Քաղաքական

Շարժումը 30 տարի առաջ եւ այսօր

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանյան

Արցախում նշում են Շարժման երեսունամյակը:  Այսօր Ստեփանակերտում երթ եւ հանրահավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են նաեւ երկրի բարձրաստիճան ղեկավարները:


Այսօր առավոտից Ստեփանակերտն ապրում էր ութսունության ոգով: Քաղաքի գլխավոր պողոտան փակ էր,  օրն աշխատանքային է, բայց կրթօջախներ եւ հիմնարկներ մարդիկ շտապում էին` հայտարարված հանրահավաքին մասնակցելու համար: Այդպես չէր երեսուն տարի առաջ:

1988-ի  փետրվարի 13-ի առավոտը Ստեփանակերտում բացվեց լարված սպասումով: Ժողովրդի մեծ մասը գիտեր, որ այդ օրն ինչ-որ բան պիտի կատարվի. Ստեփանակերտում կուսակցական ու տնտեսական ակտիվն էր հավաքվել կենտրոնի դրդմամբ` Շարժումը դեռ չծնված խեղդելու համար: նախօրէին այդ նախաձեռնությունը  շրջաններում տապալվել էր. շրջաններում որոշումը միանշանակ էր, պետք է մարզխորհրդի նստաշրջան հրավիրել եւ ձեւակերպել  տարիների վերամիավորման  երազանքը:

Թե՛ շարժման ակտիվիստների, թե՛ երկմտողների եւ թե՛ հակառակորդների համար պարզ էր մի բան, եթե Ստեփանակերտը չկանգնի շրջանների կողքին, ամեն ինչ կհետաձգվի անորոշ ժամկետով ու անդառնալի կորուստներով:

Առաջին բացահայտ քայլը ուսանողներինն էր: Ստեփանակերտի գյուղատնտեսական ուսումնարանի եւ մանկավարժական ինստիտուտի ուսանողները դուրս եկան երթի` ի պաշտպանություն նորելուկ շարժման եւ ի խրախուսումն որոշում կայացնողների:

Ոչ միայն Ստեփանակերտը, այլեւ խորհրդային երկիրն այդպիսի բան չէր տեսել: Քաղաքն ի վեր , դեպի հրապարակ ձգվող երթին նորանոր կոլեկտիվներ, անհատներ էին միանում: Առաջին պաստառներն էին փողփողում, այսօրվա տեսակետից` միամիտ կոչերով: Այն ժամանակ սակայն դա խիզախության ու անհնազանդության գագաթնակետն էր:

Ստեփանակերտում այսօր փորձել են վերակերտել երեսուն տարվա վաղեմության դեպքերը: Միջոցառումները մեկնարկել են նախկին ինստիտուտից`այսօրվա պետական համալսարանից: Ուսանողների հետ նրանց դասախոսներն են. 88-ի առաջին ցույցի առաջին ելույթ ունեցող Գրիգորի Աֆանասյանի խոսքն այսօր էլ կրակոտ էր ու ավարտվեց ութսունութի կոչով:

«ՄԻԱՑՈՒՄ»:

Նույն  տրամաբանությամբ  հանրահավաքը շարունակվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Մեծ էկրաններից  այսօրվա հանրահավաքի մասնակիցներին 88-յան հանրահավաքների առաջնորդների խոսքն էր հնչում. նրանք ձեւակերպում էին այդ օրերի պահանջը: Այսօր արդեն տարիքով առաջացած ակտիվիստները դարձյալ ժողավրդի հետ նույն տեղից էին խոսում, խոսում էին  շարժման դասերի ու այսօրվա մարտահրավերների մասին: Արցախի հերոս ժաննա Գալստյանը խոսեց բռունցքը դեպի վեր պարզած, ինչպես տարիներ առաջ:

Արցախյան շարժումը հրապարակ դուրս եկավ Տյառնընդառաջի  նախօրյակին` դա շարժում էր տիրոջն ընդառաջ` չգիտակցված. այսպես է մեկնում Պարգեւ սրբազանը այդ համընկնումը:

Երեսուն տարի անց Արցախի նախագահը  հիշեցնում է անցած ճանապարհի մասին ու խոսում ապագայից. այս անգամ ժողովուրդն ու իշխանությունը միասնական են:

Արցախի Վերածննդի հրապարակում այսօր տեսաուղերձներով  ժողվրդին դիմեցին նաեւ Արցախի բարեկամները` ամերիկյան կոնգրեսականները, ֆրանսացի եւ բրիտանացի պառլամենտականները,  Ռուսաստանի պետդումայի անդամները, եվրախորհրդարանի պատգամավորները:

Շարժման երեսունամյակի տոնակատարությունները շարունակվում են: Կենտրոնական միջոցառումների մի այլ շարք տեղի է ունենալու փետրվարի  20-ին` պատմական նստաշրջանի օրը:

Կարդացեք նաև

Back to top button