Ինչ է «նախաբակալավրը»
Կառավարությունը հաստատել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով, սա տարիների աշխատանքի արդյունք է։ «Այս օրենքի ընդունումից հետո մեր բարձրագույն կրթության համակարգում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ»:
Ռադիոլուրն արդեն անդրադարձել է փոփոխություններին ու ներկայացրել նաև մասնագետների կարծիքները դրանց վերաբերյալ: «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով այլևս մեր կրթական իրականությունում կունենանք նաև նախաբակալավր:
«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո մենք կունենաք ուսումնական մի նոր մակարդակ եւս՝ նախաբակալավր: Այն գալիս է ոչ թե քոլեջներին փոխարինելու, այլ աշխատաշուկայի պահանջարկը բավարարելու, նշում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:
Այսպիսով՝ եթե դպրոցի շրջանավարտը ընտրի այս մեթոդը, ուսումնառությունը կենտրոնացված է լինելու հիմնականում մասնագիտական հմտությունների տրամադրման վրա եւ ավելի քիչ` ակադեմիականի: Նա կստանա անհրաժեշտ բոլոր հմտությունները, որոնցով շատ արագ կարող է մտնել աշխատաշուկա: Բայց եթե հետագայում ցանկություն ունենա ուսումնառությունը շարունակել, այն կրեդիտները, որոնք ստացել է նախաբակալավրում սովորելու երկու տարվա ընթացքում, բուհը կճանաչի, եւ ուսանողը բակալավրիատը կավարտի արդեն ավելի կարճ ժամկետում՝ մինչեւ երկու տարում:
Մինչ Ռոբերտ Սուքիասյանը ներկայացնում է այս նոր ուղղության առավելությունները ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը փորձում է հասկանալ, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում «նախաբակալավրը»:
Ի տարբերություն Վարդան Բոստանջյանի՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը բավականին լավ է պատկերացնում՝ ինչ ասել է «նախաբակալավր»:
Ըստ նախագծի՝ ուսանողը նախաբակալավրիական կրթությունը կստանա բուհերում, բայց չի բացառվում, որ հետագայում նման հնարավորություն տրվի նաեւ մեկ-երկու մասնագիտացված քոլեջների: Ռոբերտ Սուքիասյանի փոխանցմամբ՝ այս փոփոխությունը ոչ թե բոլոր մասնագիտությունների վրա է տարածվելու, այլ միայն առավել գործնականների: