

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր անցկացվել են հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցություններ:
Դրանց ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը ԶԼՄ-ների առջև հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահներն անդրասդարձել են նաեւ ԼՂ հակամարտության խնդրին:
ԼՂ խնդրի կարգավորման հնարավորություններ այս պահին չկան: Ադրբեջանը նման ցանկություն չունի: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ նախկինում Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ ունեցել է ԼՂ խնդրին խաղաղ լուծում տալու, բայց նրանց գործողությունների արդյունքում այսօր մենք կարող ենք խոսել միայն կորսված հնարավորությունների մասին:

«ԼՂ խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մեկ պարագայում՝ եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների նկատմամբ»:
Քանի դեռ Ադրբեջանը մնում է անուրջների գրկում եւ Զանգեզուրը կամ Երեւանը գրավելու մասին զառանցում, խնդրի լուծման որեւէ հույս չկա՝ հավելեց նախագահ Սարգսյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հաճախ են աղավաղվում ԼՂ հակամարտության վերաբերյալ տարբեր երկրների, այդ թվում՝ Բուլղարիայի մոտեցումները: Լրագրողի այս դիտարկմանը երկու երկրների նախագահներն էլ արձագանքեցին:
Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել բուլղարացի գործընկերոջը՝ ԼՂ խնդրում Բուլղարիայի հավասարակշիռ դիրքորոշման համար: Այն այսօր եւս մեկ անգամ վերահաստատեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը.
«Բուլղարիան միշտ էլ հստակ մոտեցում ունի ԼՂ հակամարտության հարցում: Հակամարտությունը կարող է լուծվել միայն Մինսկի խմբի միջնորդությամբ եւ ԵՄ-ի աջակցությամբ: Շատ կարեւոր է, որ երկու երկրների նախագահների ակտիվ երկխոսություն լինի, որն ավելի շատ հենվի խոհեմության վրա: Բուլղարիան, որպես ԵՄ խորհրդի նախագահ աջակցելու է այս դիրքորոշման իրականացմանը»:
Երկու երկրների նախագահները կարծում են, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հարաբերություններին նոր լիցք է հաղորդվում: Բուլղարիան ստանձնել է ԵՄ-ի խորհրդի նախագահությունը, իսկ ԵՄ-ն Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է:
« Սա եւս մեկ ուղղություն է, որտեղ հայ-բուլղարական փոխգործակցությունը խորացնելու մեծ հեռանկարներ կան»:
ԵՄ-ի շրջանակներում համագործակցությունը կարեւորեց նաեւ Բուլղարիայի նախագահը Ռումեն Ռադևը:
«Պետք է այնպես զարգացնենք մեր տրանսպորտային կապերը, որ հնարավորություն տանք ե՛ւ գործարարներին, ե՛ւ զբոսաշրջությանը, ե՛ւ քաղաքացիօներին միմյանց հետ շատ ավելի ինտենսիվ կերպով շփվելու: Դրա համար մենք կարեւորում ենք՝ Պարսից Ծոց-Սեւ Ծով միջանցքը»:
Նախագահները շեշտեցին, որ գոհ են ջերմ մթնոլորտում անցկացրած իրենց զրույցից, որոնք վերաբել են երկկողմ համագործակցության օրակարգին: Այն գնահատում են արդյունավետ: Նշեցին, որ վերջին տարիներին երկկողմ առեւտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել, բայց հնարավորությունները շատ ավելին են ու պետք է աշխատել: Դրան կնպաստեն նաեւ Հայաստանի և Բուլղարիայի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված նոր փաստաթղթերը, որոնք այսօր ստորագրվեցին:




