Քաղաքական

ՄԽ համանախագահների այցին Բաքուն կրկին սրում է վիճակը շփման գծում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցը համընկավ Ադրբեջանում նախագահի ընտրությունների ժամկետի փոփոխությանը։ Ալիեւը որոշեց աշնան փոխարեն դրանք նշանակել ապրիլին։ Միջնորդներն այսօր ու վաղը կլինեն Երևանում ու Ստեփանակերտում։

Մինչ այդ՝ նրանք Բաքվում էին, այդ ընթացքում անգամ հակառակորդը չկարողացավ զերծ մնալ սահմանային իրավիճակը սրելու փորձերից։ Ցավոք հայկական կողմը զոհ ունի:

Եվ սահմանային միջադեպերը, եւ վաղաժամկետ ընտրությունները ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը պայմանավորում է Ադրբեջանի ներքաղաքական լարված իրավիճակը կոծկելու Ալիեւի ջանքերով։

«Լարվածություն է առաջացնում սահմանին, որ շեղի ուշադրությունը»:

Ոչ թե արտահերթ, այլ՝ արտակարգ. վաղաժամ անակնկալ ընտրությունների անցկացումը պաշտոնական Բաքուն որևէ լուրջ հիմնավորմամբ չի բացատրվում։  Փորձագետները նման պայմաններում հակված են կարծել, որ շատ լուրջ իրադարձություններ են զարգանում այստեղ, որոնք  սակայն չեն հանրայնացվում:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորմանը խոչընդոտելու հաշվարկներով է բացատրում 6 ամիս շուտ ընտրությունների անցկացումը հարևան երկրում.

«Մինչև հոկտեմբեր չեր կարող դիմանալ ճնշումներին։ Կավարտի ընտրություններն ու ազատ կարձակի Մամեդովին»:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ամենևին չի կարևորում Ալիևի համար ընտրությունների անցկացումը, այդ հարցը վաղուց լուծված կարելի է համարել, քանի որ ելքը կանխորոշված է՝ ասում է.

«Ադրբեջանը, չեմ կարծում, թե այն երկիրն է, որի համար կարևոր է ընտրությունների անցկացումը»:

Արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը որոշ փորձագետներ կապում են նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Շավարշ Քոչարյանը  խորհուրդ է տալիս համեմատություն անցկացնել միջնորդների, ՀՀ և Ադրբեջանի կողմից հնչող ձևակերպումների միջեւ.

« Տեսեք թե ինչ են ասում միջնորդները, ինչ է ասում Ադրբեջանը և ինչ է ասում Հայաստանը»:

Ընդհանուր առմամբ՝ համանախագահներն առաջ են տանում այն գիծը, որը որդեգրել են, ասում է փոխարտգործնախարարը։ Առայժմ կարեւորվում է տեխնիկական խնդիրների լուծումը՝ ասում է փոխարտգործնախարարը։

Իսկ բանակցությունների շարունակման առումով փորձագետները մատնանշում են մայիս ամիսը։ Երկու ճակատով դժվար է շարժվել՝ ասում ե՝ն մատնանշելով Ադրբեջանում նախագահական ընտրություններն  ու Հայաստանում նոր կառավարման համակարգի անցնելու ժամանակահատվածը:

Կարդացեք նաև

Back to top button