ԿարևորՔաղաքական

ԱԺ- ում օրինագծերի քննարկումը վերածվեց կառավարման համակարգի փոփոխության շուրջ բանավեճերի


Լիագումար նիստի օրակարգը սպառելուց հետո սահուն անցում արտահերթ նիստին՝ կառավարության առաջարկած օրակարգով։ Այսպես է այսօր աշխատել խորհրդարանը:

Իսկ կառավարության ներկայացրած օրակարգում էր «Ներման մասին», «Հանրային խորհրդի մասին», Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին ու մի շարք այլ օրենքների նախագծերը:

Մի կողմ դնելով օրենսդրական եւ իրավական քննարկումները՝ պատգամավորները քննարկումները պարբերաբար տարել են բոլորովին այլ ուղղությամբ՝ քաղաքականացնելով ներկայացված փաստաթղթերը:    

Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում այսօր շատ հարցեր էին, բայց քննարկումը հիմնականում ծավալվեց նախագահի եւ վարչապետի լիազորությունների շուրջ: Փաստացի ստացվում է, որ օրենքները դեռ համապատասխանեցվում են նոր Սահմանադրությանը եւ կառավարման նոր համակարգին։ Ընդդիմադիր պատգամավորները նշում էին, որ նոր վարչապետն ավելի շատ լիազորություններ կունենա, քան՝ հին նախագահը:

«Պետության գլուխ չի նշանակում, որ նա առաջին ջութակն է»:

Խորհրդարանական կառավարման երկրներում առաջին ջութակի դերը վերապահվում է հենց վարչապետին՝ օրինակներով հիշեցնում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշելով Իտալիայում Սիլվիո Բեռլուսկոնիի, Գերմանիայում Անգելա Մերկելի օրինակները, ասում է՝ ամեն ինչ կախված է անձերից: Այստեղ էլ ընդդիմադիրները, իհարկե, անձեր տեսան:

Այստեղ արդեն զուր էին իրավաբանական բացատրությունները, թե խորհրդարանական կառավարման երկրում նախագահի լիազորությունները որն են։ Եթե ընդդիմադիր գործիչները նախկինում պայքարում էին նախագահի դեմ, ապա այսօր բոլոր ջանքերով փորձում էին պաշտպանել նախագահի ինստիտուտը:

«Միգուցե սահմանադրությամբ չնախատեսեինք նախագահի ինստիտուտ: Ինձ թվում է սկսվել է նախագահի ինստիտուտի նսեմացման գործընթաց»:

Նախագահից լիազորություններ չեն վերցվում, որովհետեւ այդ լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ: (Սուրեն Քրմոյան)

Հայաստանը դուք տանում եք դեպի սուպերվարչապետական փակ համակարգի: ինչից եք վախենում: (Գեւորգ Գորգիսյան)

-Ոչ մեկը ոչ մի բանից չի վախենում: (Արփինե Հովհաննիսյան)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ եւս փորձեց պարզաբանել, թե ինչ փոփոխությունների է գնում պետական համակարգը:

Այսօր քննարկված բոլոր նախագծերի առնչությամբ ոչ թե հռետորական, այլ առարկայական դիրքորոշումը պատգամավորները կներկայացնեն վաղը քվեարկության ժամանակ:

Կարդացեք նաև

Back to top button