Հասարակություն

Բարեկարգված պուրակ՝ Երեւանի 2800-ին. երեւանցիները հատված ծառերով նվեր չեն ուզում

Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգին բարեկարգվում է՝ մեկ տասնյակից ավելի հատված ծառերի հաշվին:

Երևանի 2800-ամյակին բարեկարգված այգին նվեր կլինի մայրաքաղաքին: Երևանցիները հատված ծառերով այգի որպես նվեր չեն ընդունում:

Ծառահատումը ոչ մի արդարացում չունի:

Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածքում եմ: Նախորդ օրերից այստեղ մնացել են մեկ տասնյակից ավելի հատված հաստաբուն ծառերի բները: Ծառեր կան, որոնց բունը փոս ունի, իսկ բներ կան, որ հարթ է մակերեսը:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր:

Զրուցակիցս «Սիվիլ վոիս» ՀԿ-ի բնապահպան Սիլվա Ադամյանն է:

Բնապահպանն ասում է՝ ծառատեսակներից միայն ծեր բարդին կարող է իրենից վտանգ ներկայացնել, իսկ այդ տարածքում բարդիներ չեն եղել: Ոչ մի մասնագետ ձմռանը չի կարող եզրակացնել, որ ծառը չոր է, հիվանդ կամ ծերացած:

Երևանցիների աչքը վախեցած է՝ Հյուսիսային պողոտան էլ պիտի համալրվեր նոր ծառերով, բայց համալրվեց ծաղկամաններով, Թումանյանի այգու տարածքում հատված ծառերի տեղում էլ պիտի նորերը տնկվեին, բայց… Եղած օրինակները երևանցիներին քաղաքային իշխանություններին ավելի շատ չվստահելու առիթ են տալիս:

Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում քննարկվել և հավանություն է տրվել Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգին  §Վարդանյան ընտանիք¦ բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին:

Բարեկարգում անվան տակ հանգստյան օրերին, գիշերը, ծառեր են հատվել՝ ասում է §Ելք¦ խմբակցության Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն ու  տեղի ունեցածն ամենաթողություն  որակում:

Ցերեկը, գիշերը տարվա ու օրվա ցանկացած պահի ով ինչ ուզում և ինչպես ուզում վարվում է:

Պատվեր կա, կատարող կա, վերահսկող չկա՝ ասում է Հարությունյանը:

Համացանցում հայտնվել է ապագա բարեկարգված այգու էսքիզը՝ շատրվաններով, ասֆալտապատ, առանց ծառերի:

Պատկան մարմիններն ասում են՝ բարձրացած աղմուկն անհիմն է: Միևնույն ժամանակ տեղեկացնում, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն՝ վստահեցնում են քաղաքապետարանից:

Այնպես որ՝ Երևանի 2800-ամյակին այգին կլինի բարեկարգ, բայց առանց արդեն հատված մեկ տասնյակից ավելի ծառերի։

Կարդացեք նաև

Back to top button