

Խորհրդարանական կառավարման անցման համատեքստում կառավարության համակարգի փոփոխությունները տարակարծությունների տեղիք են տվել:
Փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում դրանց ընկալումը միանշանակ չէ:
Ոմանք համարում են, որ այդ փոփոխությունները հանգեցնում են իշխանության գերկենտրոնացման եւ սուպերվարչապետության:
Պատրանքներ չունենան, որ գերկենտրոնացված համակարգի ենք անցնում՝ անդրադառնալով խնդրին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ հավելելով, թե գերկենտրոնացված համակարգի շրջանակներում ենք ապրել տարիներ շարունակ:
«Կարելի է ասել, առանձնապես, մեծ փոփոխություն տեղի չի ունենում: Որեւէ մեկիս համար նորություն չէ»:
ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբկցությունից Արարատ Միրզոյանը, սակայն, չի կարծում, թե ոչինչ չի փոխվել եւ այն է, ինչ ունենք հիմա: Ըստ նրա՝ նոր կառուցվածքով ամեն ինչ կենտրոնանում է ինստիտուցիոնալ առումով վարչապետի ձեռքում եւ, նրա ձեւակերպմամբ, գիտենք, որ կոնկրետ մեկ մարդու:
«Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Թեւան Պողոսյանը մշտապես կողմ է եղել խորհրդարանական անցման գաղափարին եւ այդ նպատակով Սահմանադրական փոփոխություններին:

Ասաց, որ այսօր էլ է կողմ, սակայն, հորդորում է չխառնել խորհրդարանական համակարգին այն, ինչը, նրա ձեւակերպմամբ, ստացվում է արդյունքում: Ըստ նրա՝ այն, ինչ ստացվում է՝ հետեւանք է ընտրությունների այն արդյունքների, որոնք եղել են:
Արարատ Միրզոյանը, մինչդեռ, կարծում է, որ խորհրդարանը չի կարող ապահովել կառավարության թափանցիկությունը:
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ պատրանքներ պետք չէր ունենալ հենց սկզբից: Նա նույնպես չի կարծում, թե կառավարության թափանցիկությունը կարելի է փոխհատուցել խորհրդարանի միջոցով:
ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, մինչդեռ, ամբողջ խնդիրը պատասխանատվություն կրելու մեջ է տեսնում: Ասաց, թե «սուպերվարչապետ» եւ նման ձեւակերպումները, չէր ասի, թե ստվերում են այդ ամենը, քանի որ ամեն ինչի մեջ էլ նաեւ կարող է սուպերմոտեցումը հանգեցնել շատ դրական արդյունքի: Հանրապետական պատգամավորն ասաց, թե հարցին չպետք է մոտենալ մտավախությամբ, այլ՝ վստահությամբ եւ հավատով:
Խնդիրները չպետք է տանել անձերի հարթակ, այլ՝ գաղափարների, ինչը նաեւ դրված է Սահմանադրության մեջ, իսկ հարցին էլ պետք է նայել այն տեսանկյունից, թե որքանով է երկրի զարգացման խնդիրը դրված կառավարման այս համակարգի հիմքում՝ եզրափակեց հանրապետական պատգամավորը:




