

Աստիճանաբար ու սահուն՝ առայժմ օրենսդրական փաթեթներով Հայաստանում անցում է կատարվում կառավարման նոր համակարգին:
Ուժային կառույցների պատասխանատուն այսուհետ վարչապետն է լինելու, նախարարները պաշտոնը ստանձնելիս կերդվեն, կառավարության նիստերն էլ դռնբփակ կանցկացվեն:
«Քայլ՝ դեպի անձնական պատասխանատվություն». արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսպես է բնորոշում երեք ուժային կառույցների՝ ոստիկանության, ազգային անվտանգության, պետական պահպանության ծառայության ու մեկ նոր ստեղծվող՝ պետական վերահսկողական ծառայության՝ վարչապետի անմիջական վերահսկողության տակ անցնելու օրենսդրական փոփոխությունը:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները՝
«Եթե դուք ուսումնասիրեք դեռևս նախկին նախագահ Քոչարյանի հրամանագիրը, որով Ոստիկանությունը համարվում է որպես կառավարությանը ենթակա մարմին, ապա դուք կարձանագրեք կարևոր մի նախանշան: Այն ժամանակ արդեն ասվում էր, որ այդ առումով պետք է քայլ կատարվի դեպի անձնական պատասխանատվության դաշտ, և ասվում էր, որ մինչև ամբողջական այլ համակարգի անցնելը, Ոստիկանությունը գործելու է որպես կառավարությանն առընթեր մարմին»:
Խոսքը տեսչությունների մասին չէ՝ հստակեցնում է նախարարը: Ընդունված է, որ ուժային մարմինները ունենան անձնական պատասխանատվություն կրող անձ:
Վարչապետ, առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետ ու նախարարներ: Նոր համակարգում այսպիսին է լինելու կառավարության կազմը: Կգործեն նաև կոմիտեներ նախարարություններին առընթեր։ Սահմանադրության նորույթներից մեկն էլ նախարարների երդվելն է: Կառավարության անդամները երդվում են հանրապետության նախագահի ներկայությամբ նախագահի նստավայրում: Իրավունքի ուժով նշանակված կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ՝ վարչապետի նստավայրում: Ինչ են մտածում երդվելով պաշտոնն ստանձնելու մասին մեր համաքաղաքացիները
Վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ն է լինելու, իսկ նախագահի նստավայրը՝ Մաշտոցի 47-ը: Ինչո՞ւ. արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պարզաբանմամբ
«Ենթադրենք՝ դուք եք ընտրվել վարչապետ և ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը չի ընտրվել վարչապետ և որոշում է չշարունակել պաշտոնավորել, այնուամենայնիվ, Բաղրամյան 26-ը դա շենք է, որը հատուկ հարմարեցված է ծառայելու մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին: Դա է պատճառը և կապ չունի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, թե այլ անձ»:
Օրենսդրորեն է ամրագրված՝ վարչապետի պարտականություններից է ապահովել կառավարության գործունեության թափանցիկությունը։ Կառավարության նիստերը փակ են լինելու, դրանց կառավարության անդամներից բացի ներկա կլինեն հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական եկամուտների, քաղաքաշինության, միջուկային անվտանգության կարգավորման, վիճակագրական կոմիտեների և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, վարչապետի մամուլի քարտուղարը, ինչպես նաև վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:
Փոփոխությունը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պարզաբանմամբ, աշխարհում ընդունված պրակտիկա է: Այսպես կառավարությունում ավելի բաց ու շահագրգիռ քննարկում կծավալվի: Նախարարի օրինակը ընտանեկան է:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում համոզված է՝ կան երկրներ, որտեղ կառավարության նիստերը դռնբաց են:
Հայաստանում կառավարության նիստերը լրագրողներին հասանելի դարձան, երբ 2009թ ապրիլին վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը: Հենց նրա վարչապետության ժամանակ էլ նիստում քննարկվող օրակարգային հարցերը տեղադրվեցին կառավարության էլեկտրոնային՝ e-gov.am կայքում, ինչպես նաև ապահովվեց դրանց օնլայն հեռարձակումը։




