ԿարևորՔաղաքական

Թուրքիայի ԱԳ նախարարն արձագանքել է Մակրոնի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

հրապարակված 13.28
լրացված 18.11

Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Ֆրանսիայի նախագահի՝ Հայոց ցեղասպանության հայտարարությանը: Մենք նախօերին հաղորդել էինք, որ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որի ընթացքում խոսել  ԼՂ հակամարտությունից եւ ցեղասպանության ճանաչումից: Ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի նախագահը խոստացել էր առաջիկա ամիսների ընթացքում հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման օր ամրագրել: «Ռադիոլուրն» է անդրադառնում Անկարայի հայտարարությանը, եւ արդյո՞ք կարող են նոր սրացումներ արձանագրվել թուրք-ֆրանսիական հարաբերություններում:

Պաշտոնական Անկարան կարծես թե իմիջիայլոց է վերաբերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: Ըստ թուրքական կայքերի, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել է,

«Մակրոնն, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության օրն ազգային օրացույցում ավելացնելու իր խոստումը պահի- չպահի՝ մեզ համար միևնույն է: Ֆրանսիայի դատարանը արդեն մեկ անգամ չեղարկել է Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագծի ընդունումը: Օրինակ՝ Փերինչեք ընդդեմ Շվերցարիայի գործում էլ այսպես կոչված «ցեղասպանության» ճանաչման հարցին տրվել էր ոչ թե քաղաքական, այլ իրավական գնահատական»:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի կազմակերպիչ Մուրադ Փափազյանը մեզ փոխանցել էր, որ Էմանուել Մակրոնին ինքը կոչ էր արել դատապարտել Թուրքիայի իշխանությունների կողմից հնչող սպառնալիքները եւ գործողություններն ընդդեմ ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի, որին ի պատասախան Մակրոնն ասել էր, որ արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Եվ խոստացել էր ազգային օրացույցում ցեղասպանության հիշատակման օր ամրագրել, եւ հարցը պահել Էրդողանի հետ փոխհարաբերությունների օրակարգում: Արդյո՞ք Մակրոնի հայտարարությունը կսրի թուրք-ֆրանսիական հարաբերությունները.  թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը նշում է

«Երբ լարվում են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները՝ օրակարգ է բերվում ցեղասպանության ճանաչման հարցը»:

Ֆրանսիայի նախագահի  հայտարարությունները մեծ արձագանք են գտել թուրքական մամուլում: Թուրքիայի մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, ուշադրություն են հրավիրել Ֆրանսիայի նախագահի՝ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին խորհրդարան բերելու մտադրության մասին հայտարարություններին:  Ի դեպ՝ բացառությամբ մի քանի ընդդիմադիր կայքի՝ գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցները Հայոց ցեղասպանությունը գրել են չակերտների մեջ:

Կարդացեք նաև

Back to top button