Քաղաքական

Արմեն Սարգսյանը կհանդիպի նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ


ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը: ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից որպես ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկ ստանալուց հետո, Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար:

«Շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը, և իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել», — ասել էր Ա. Սարգսյանը։

ՀՀԿ նախագահի թեկնածուն արդեն հանդիպել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների, ինչպես նաև՝ ՀՅԴ  կուսակցության անդամների հետ։

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյում երեկ կայացած հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ շարունակելու է հանդիպումները, նաեւ արտախորհրդարանական ուժերի, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ինչից հետո միայն կայացնելու է իր որոշումը:

ՀՀԿ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը, վերջնական որոշում կայացնելու համար նախաձեռնած հանդիպումների օրակարգում արդեն հյուրընկալվել է խորհրդարանական ուժերից երկուսի գրասենյակներում: Խոսքը կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է: Արմեն Սարգսյանը երեկ էլ, այդ հանդիպումներից հետո, լրագրողներին ասաց միայն, որ վերջնական որոշման մասին կհայտնի ու լրագրողների հարցերին կպատասխանի, երբ ավարտի հանդիպումների շարքը: Թե ե՞րբ կավարտվեն դրանք, Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում դժվարացավ ժամկետ ասել:

Հայտնի է, որ Սահմանադրությամբ խորհրդարանը կարող է նախագահ ընտրել 79 ձայնով: Կոալիցիոն գործընկերներ Հանրապետականն ու Դաշնակցությունը միասին խորհրդարանում ունեն 65 պատգամավոր: Այսինքն՝ առաջադրած թեկնածուի ընտրության համար ՀՀԿ-ին անհրաժեշտ կլինի առնվազն 14 պատգամավորի աջակցություն: Աջակցություն ստանալու բանակցությունները հենց Արմեն Սարգսյանն է վարելու: Թե խորհրդարանական մյուս երկու ուժերի հետ հանդիպումները երբ կկայանան, Հասմիկ Պետրոսյանի փոխանցմամբ, առայժմ հստակ չէ:

Խորհրդարանում 9 պատգամավոր ունեցող ընդդիմադիր «Ելք» դաշինքն արդեն հստակ հայտարարել է, որ դեմ է քվեարկելու հանրապետական թեկնածուին: Դաշինքից Էդմոն Մարուքյանն այսօր մեզ հետ զրույցում վերահաստատեց իրենց այս դիրքորոշումը:

 

Այդուհանդերձ, Արմեն Սարգսյանը ցանկություն ունի հանդիպելու նաեւ իրենց հետ եւ իրենք դեմ չեն այդ հանդիպմանը՝ Էդմոն Մարուքյանը հաստատեց, որ թեկնածուն կապ է հաստատել իր հետ եւ փոխանցել այդ ցանկությունը: Սակայն, քանի որ Դաշինքից Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանն այս շաբաթ բացակայելու են հանրապետությունից, պայմանավորվել են հանդիպել հաջորդ շաբաթ:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի փոխանցմամբ, Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու հետ կապված իրենք առայժմ միայն հրապարակային խոսքի հետ են առերեսվել:

Դիտարկմանը, որ Արմեն Սարգսյանը նաեւ նշել է, որ հենց հանդիպումների արդյունքում է իր որոշումը կայացնելու՝ «Ծառուկյան» խմբակցության քարտուղարն այսպես արձագանքեց` «Մենք մեր քաղաքական թիմում կքննարկենք, քանի որ մեզ համար, այս եւ առհասարակ բոլոր քաղաքական գործընթացների հետ կապված, կարեւոր է  յուրաքանչյուրի կարծիքը» :

Երբ որ մենք կքննարկենք, կվերլուծենք, ամբողջական մեր հավաքական պատկերը կստանանք, պաշտոնական դիրքորոշումով հանդես կգանք՝ եզրափակեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը:

Արմեն Սարգսյանի հետ հանդիպման առաջարկ առայժմ չի ստացել արտախորհրդարանական ուժերից ՀԱԿ-ը: Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն նույնպես հայտնել է: Մինչ այդ, այսօր նա հանդիպել է գիտնականների հետ:

Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ Արմեն Սարգսյանը անպայման կհանդիպի նաեւ Արցախի Հանրապետության ղեկավարության հետ: Հանդիպման կոնկրետ օրը, սակայն, դեռ  հստակեցված չէ:

Կարդացեք նաև

Back to top button