ԿարևորՀասարակությունՎերլուծական

Քաղաքացիական հասարակությունը մոնոպոլիա չէ, ասում է ռազմական փորձագետը

Անշուշտ ժողովրդավարական պետությունում, ինչպիսին մենք ենք, շատ կարեւոր է պետական ինստիտուտի նկատմամբ իրավապաշտպան հասարակական կազմակերպության վերահսկողությունը մանսավորապես պաշտպանության նախարարության նկատմամբ հասարակական կազմակերպությունների ուշադրությունը։ Վերջիններս, ինչպես եւ մեդիա դաշտի մյուս ներկայացուցիչները, մեղադրանք ներկայացնելիս պետք է ունենան փաստարկված ապապցուցողական բազա, հակառակ դեպքում կարող է ստեղծվել զուտ քարոզչական տպավորություն։

Ինչ հարցերի պետք է նախ եւ առաջ պատասխանի ցանկացած իրավապաշտպան կազմակերպության հետաքննություն. հարցին պատասխանում է «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

 

Վրթանեսյան. Նախ՝ մեր առօրյա բառապաշարում «իրավապաշտպան» բառը բավականին տարածված է, սակայն հստակ սահմանումներ չկան գոնե մեր հասարակությունում: Կան, օրինակ, ՄԱԿ-ի ինչ-որ որոշումներ, բայց ըստ էության՝ «իրավապաշտպանը» բավականին անհասկանալի կերպար է: Նա իրավաբանական կրթություն ունենալու կարիք չունի, իրավապաշտպան կարող է համարվել մարդը, ըստ նույն սահմանման, որն ուղղակի զբաղված է իշխանությանը քննադատելով. կապ չունի՝ լավ է քննադատում, թե վատ, հիմնավոր, թե անհիմն, փաստարկված է, թե՝ ոչ, համարվում է իրավապաշտպան:

Ենթադրվում է, որ իրավապաշտպանները լրացուցիչ բոնուս ունեն սովորական քաղաքացու համեմատ, լրացուցիչ պաշտպանության կարիք ունեն եւ այլն: Այսինքն՝ «իրավապաշտպան» բառը նման է «իրավաբան» բառին, տպավորություն է ստեղծվում, թե դա հատուկ կատեգորիա է: Սակայն, փաստորեն, ցանկացած մարդ կարող է տեղից վեր կենալ, իրեն հռչակել իրավապաշտպան ու ասել, թե զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ: Հայաստանում այդ գործունեության որեւէ կարգավորում չկա: Իմ փորձը հենց բանակի հարցերում ցույց է տալիս, որ շատ բողոքներ, հայտարարություններ, զեկույցներ, որոնք անում են իրենք իրենց իրավապաշտպան հռչակած կազմակերպությունները, բազմաթիվ կոպիտ սխալներ են պարունակում, հաճախ անհիմն են, հաճախ խոսում է այն մասին, որ այդ անձինք ուղղակի չեն հասկանում թեման, որի մասին հայտարարություններ ու կոչեր են անում:

Դա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր իրավապաշտպաններն իմ նկարագրածի պես են: Կան լուրջ, կարեւոր իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք դեռ արցախյան պատերազմի ժամանակներից են աշխատում, զբաղվում էին գերիների հարցերով եւ այլն:

Սակայն մենք ականատես ենք լինում, որ ինչ-որ բաներ ընդհանրապես գլխիվայր են ներկայացվում: Գուցե դրանով, այսպես ասած, իրավապաշտպանն ավելի շատ օգնում է այնպիսի մարդկանց, որոնք ուզում են պատասխանատվությունից ազատվել: Անուններ չասեմ, բայց դրանք մարդիկ են, որոնք բոլոր գործերով, որոնցով իբր գալիս են տուժածներին օգնելու, ոչ մի բանի չեն հասնում։ Երբ լսում ես այդ մարդկանց ձևակերպումները՝ դրանք մերկապարանոց պնդումներ են առանց հիմնավորումների: Ինձ մոտ նույնիսկ հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ մարդիկ ունեն համապատասխան գիտելիք, որպեսզի գրագետ ներկայացնեն իրենց բողոքները:

Կարգավորում բառը շատ չեմ սիրում, հատկապես չեմ սիրում, որ պետությունն է ամեն ինչի մեջ խառնվում, բայց պետք է նաեւ բարձրացնել այդ իրավապաշտպանների իրավասության հարցը: Իրավապաշտպանի իմաստը նաեւ լրացուցիչ վերահսկողության մեխանիզմ լինելն է, բայց ինձ մոտ տպավորություն է, որ այդ վերահսկողության մեխանիզմն ավելի շատ խանգարում է իրավունքին, քան՝ օգնում: Խնդիրներ կան, բնական է: Շատ լավ կլինի, որ լինի անաչառ, լուրջ հասարակական, քաղաքացիական վերահսկողություն, սակայն այդ վերահսկողությամբ զբաղվողներն արդյոք իրականում վերահսկո՞ւմ են, իրականում խնդիրները հասկանո՞ւմ են:

«Ռադիոլուր». Հաճախ ՀԿ-ները եւ մեդիան մեղադրում են մի շարք կառույցների, մասնավորապես ՊՆ-ին ոչ բավարար թափանցիկության եւ աշխատանքային ոչ բավարար պատրաստվածության մեջ։ Կարո՞ղ եք արդյոք անկախ փորձագիտական գնահատական տալ վերջին ժամանակաշրջանում սրա առնչությամբ։ Որքանո՞վ են ակտիվ ԶԼՄ-ները հարցումների, լրագրական հետաքննությունների հարցում։ Լրագրական հետեւողականությունը որքանո՞վ է մեզանում զարգացած։

Վրթանեսյան. Հետեւողականությունը, ցավոք սրտի, մեր հասարակության բոլոր շերտերի մոտ, թե´ պետական կառույցներում, թե´, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության սեգմենտում լուրջ խնդիր է: Լինում են ինչ-որ էմոցիոնալ, մարդկանց զգացմունքների վրա խաղացող հայտարարություններ, սրտաճմլիկ տեսահոլովակներ, սակայն ես լուրջ իրական վերլուծությունների հազվադեպ եմ հանդիպում: Դրանք այնպիսի խնդիրներ են, որոնք համակարգված, հետեւողական ու երկարատեւ մոտեցում են պահանջում: Այսինքն՝ եթե ինչ-որ ժամանակ այդ խնդրով չես զբաղվում, նորից «գլուխ է բարձրացնում»:

Օրինակ՝ կային նախաձեռնություններ, որոնք իբր շատ ակտիվ պայքարում էին բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների, այդպիսի դրսեւորումների դեմ: 2013-ի ընտրությունները հենց անցան, այդ բոլոր նախաձեռնությունները կտրուկ պասիվացան,կարծես ինչ-որ անջատիչ կար: Միանգամից հարց է առաջանում՝ արդյո՞ք իրենց նպատակն իսկապես այն էր, ինչ հայտարարում էին, այլ ոչ թե ուղղակի քաղաքական քարոզչության հարթակներից մեկն էր: Իրոք, շատ ցավոտ թեմա է:

«Ռադիոլուր». Ի՞նչ պետք է անել խնդրի լուծման համար

Վրթանեսյան. Ես շատ հարցերում կրթական խնդիր եմ տեսնում: Ի վերջո, քաղաքացիական հասարակություն կոչվածը մոնոպոլիա չէ, միայն որեւէ արտասահմանյան հիմնարկից գումար ստացողը չէ, սա ակտիվ քաղաքացի զանգվածն է՝ անկախ իր դիրքորոշումից: Շատ կարեւոր է ընդհանրապես սովորական քաղաքացուն էլ կրթել կարեւոր հարցերի՝ նույն բանակի շուրջ:

Հաճախ են ասում՝ մեզ պետք է պրոֆեսիոնալ բանակ, սակայն Հայաստանի իրականության մեջ ունենալով Ադրբեջան, Թուրքիա՝ որպես հարեւաններ, ագրեսիվ թշնամի պետություններ, մենք ունենք «մոբիլիզացիոն ռեզերվ» կոչվածի խնդիր։ Այսինքն՝ որպեսզի ինչ-որ սրացման դեպքում հնարավոր լինի շատ արագ մոբիլիզացնել բնակչությանը: Այդ խնդիրը լուծում է զորակոչային բանակը: Այդ մասին ընդհանրապես չեն խոսում, խոսում են, ինչ որ սիրուն պատկեր են տալիս, ու շատերն այդ պատկերով հմայվում են, որովհետեւ դա հաճելի է:

Այս խնդրի բազմաթիվ շերտեր կան, որոնց մասին այդ կազմակերպությունները չեն խոսում: Ցավոք, միայն անցյալ տարվանից սկսեցին խոսել պետական ամբիոններից, որ կա նաեւ մոբիլիզացիոն ռեզերվի խնդիր: Ընդհանրապես պետությունը, նաեւ հասարակության գիտակից մասը պետք է դրանով զբաղվի: Սա նաեւ գրագիտության հարց է: Նույն նաեւ կրթության նախարարությունը բանակի հետ համաձայնեցված դա պետք է հասկանալի պարզ ձեւով կարողանա հասցնել բոլորին՝ աշակերտից սկսած, զորակոչիկի ծնողներով վերջացրած:

 

Կարդացեք նաև

Back to top button