ԿարևորՏնտեսական

Հայկական տաղավարը ճանաչվել է լավագույնը

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Լոս Անջելեսում կայացել է զբոսաշրջության ոլորտի ամենամեծ իրադարձություններից մեկը` «Լոս Անջելես  թայմս» թերթի ամենամյա ճամփորդական շոուն: Յուօրինակ ստուգատեսին ներկայանում են աշխարհի տասնյակ երկրներ`զբոսաշրջության ոլորտում գործընկեր գտնելու և տուրիստներին գրավելու ակնկալիքով: Հայաստանն ու Արցախը ներկայացել են միասնական տաղավարով, որը թերթի կողմից ճանաչվել է լավագույնը:

Զբոսաշրջային այս շոուում խոսում են տասնյակ լեզուներով. ամեն մեկը ներկայացնում իր երկրի գրավչությունը` բնությունը, մշակույթը, խոհանոցն ու այն ամենը, ինչը կարող է գայթակղել տուրիստին:  Երկու օրերի ընթացքում այստեղից կողմնորոշված հեռանում է ավելի քան 50 հազար մարդ:

«Հայաստանն ու Արցախն այս տարի շատ տպավորիչ ներկայություն ունեն, որը գրավում է մարդկանց ուշադրությունը: Լոս Անջելեսի մեծ շուկայում ակնհայտորեն հետաքրքրություն կա Հայաստանի աշխարհագրական դիրքի, բնության և հատկապես հարուստ մշակույթի հանդեպ»,- ասում է «Լոս Անջելես թայմս» թերթի գովազդային բաժնի փոխտնօրեն Մայք Քեշիշյանը:

«Հաջորդ մեկ -երկու տարվա ընթացքում անպայման մեկնելու ենք Հայաստան: Գիտեմ, որ շատ գեղեցիկ երկիր է, հետաքրքիր աշխարհագրական դիրքով: Մեզ գրավում է Մետաքսի ճանապարհը, գիտենք, որ այնտեղով է անցել, ուզում ենք ինքներս տեսնել այդ երկիրը»,- ասաց ցուցահանդեսի այցելուներից մեկը:

«Լոս Անջելես թայմս»- ի զբոսաշրջային շոուի ընթացքում տուրիստական ընկերությունների միջև ձեռք են բերվում նաև գործնական պայմանավորվածություններ, որոնք հետագայում դառնում են շահավետ բիզնես-ծրագրեր: Հայաստանն ու Արցախը ներկայացնող վեց գործակալությունները նույնպես նոր գործընկերներ գտան:
«Ես հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչ եմ, ցանկանում եմ գործակցել Արցախի հյուրանոցների հետ, զբոսաշրջիկներ տանել այնտեղ: Մարդկանց ընդհանրապես գրավում են նոր, անսովոր ու դեռ չբացահայտված վայրերը, այնպես, որ Ղարաբաղի նկատմամբ այդ առումով հետաքրքրությունը հաստատ մեծ կլինի»,- նշեց հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչներից մեկը:

Հայաստանի և Արցախի տաղավարից ոչ հեռու տեղակայված էր Ադրբեջանի տաղավարը: Հետաքրքրական, ավելի ճիշտ` զվարճալի էր տեսնել, որ իբրև Ադրբեջանի գլխավոր գանձ ներկայացված էր Ղարաբաղը` մեծադիր պաստառով: Հարևանները թերևս չկողմնորոշվելով ինչով ներկայանալ աշխարհին` ցուցադրում էին Ղարաբաղի կարպետները, տարազն ու եկեղեցիները:
«Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը ուրախություն հայտնեց, որ Հայաստանն ու Արցախն այս մեծ իրադարձությանը ներկայանում են պատշաճ մակարդակով:

Հայաստանն ու Արցախն իր համար բացահայտել է նաև «Լոս Անջելես թայմս»- ի հրատարակիչը: Էդդի Հարթենսթայնն ասում է, որ թոշակի անցնելուց հետո անելիքների ցուցակում առաջիններից մեկը Հայաստան ու Ղարաբաղ այցելելն է։

«Լոս Անջելես քաղաքը շատ լավ վայր է Հայաստանի ու Ղարաբաղի մասին պատմելու համար. մարդիկ սիրում են ճամփորդել և նորություններ են փնտրում: Հայկական տաղավարն այստեղ հայ համայնքին հիշեցնում, օտարներին ծանոթացնում է հրաշալի վայրերի հետ: Ինքս նոր մշակույթներ ու քաղաքակրթության բնօրրաններ բացահայտելու սիրահար եմ, անպայման այցելելու եմ», ասաց նա։

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչ Արման Խաչատրյանը տեղեկացրեց, որ պայմանավորվել են` մինչև տարեվերջ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ հրավիրել Հայաստան ու Արցախ` երկու հայկական պետություններն աշխարհի նաև օտար լրագրողների աչքերով ներկայացնելու համար:

Back to top button