

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում միջնորդների կողմից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քննարկել են նախորդ գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համաձայնագրերի իրականացմանն ուղղված հետագա քայլերը:
Արտգործնախարարները համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ համանախագահների վերանայված կոնցեպտուալ փաստաթղթի սկզբունքներին՝ հնարավորինս շուտ այն իրականացնելու ակնկալիքով:
Համանախագահները նախարարներին հայտնել են իրենց հետաքրքրվածությունը՝ հետագայում քննարկելու հակամարտությունից տուժած գոտիներում 2010 թվականի գնահատող առաքելության շարունակման հնարավորությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնել են փետրվարի սկզբին տարածաշրջան այցելելու մտադրության մասին:
«ՄԽ-ը վերջին տարիներին ոչ թե հակամարտության կարգավորմամբ է զբաղվում, այլ հակամարտության կառավարմամբ»,- պարզաբանելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ու դրան հաջորդած հայտարարությունը, որ արվել էր միջնորդների կողմից: Կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ամեն ինչ արվում է, որպեսզի չսրվի իրավիճակը սահմանագոտում՝ հետաքննության մեխանիզմներ, վստահության ապահովում, դեսպան Կասպրշիկի աշխատակիցների թվաքանակի ավելացում, սրանք լայնածավալ ռազմական գործողություններ թույլ չտալու նպատակ ունեն: Նրա կարծիքով՝ նախորդ տարի հաջողվել է խուսափել լայնածավալ գործողություններից, ինչպիսիք եղան 2016 թվականի ապրիլին. դա քաղաքագետը պայմանավորում է միջազագին հանրության կողմից Բաքվի վրա ճնշումների գործադրմամբ:
«Խելամիտ չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում ակնկալել ինչ-որ տեղաշարժեր, լուրջ փոփոխություններ, մեծ քայլեր: Հայկական ու ադրբեջակնական դիրքորոշումներն իրարից այնքան հեռու են, որ բանակցելու դաշտ չկա»:
Ըստ նրա՝ առաջիկա տարիներին ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ առաջընթաց չի լինի: Թեև նա լայնածաված պատերազմը բացառում է, սակայն հավանական է համարում լարվածությունը սահմանագոտում: Իսկ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների ընթացքում իրավիճակի հնարավոր սրացման մասին հարցին, Իսկանդարյանը մասամբ հումորով արձագանքեց՝ «Դա ոչ թե ընտրություն է, այլ ընթացակարգ, որը պետք է իրականացվի և որևէ մեկը կասկած ունի, թե ով կլինի Ադրբեջանում նախագահ»,- ասաց:
Ինչևէ, վերադառնալով միջնորդների հայտարարությանը պետք է նշել, նրանց այն ձևակերպումը, ըստ որի համանախագահները կոչ են անում կողմերին առաջ մղել վստահությունն ամրապնդող միջոցները՝ որպես բանակցային գործընթացի կարևոր բաղկացուցիչ մաս:
Նախարարները և համանախագահներն ընդունել են շփման գծում հարաբերական անդորրը, և միջնորդները կոչ են արել կողմերին ամրապնդել այս դրական միտումը: Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը, պարզաբանելով ՄԽ-ի հայտարարությունը, «Ռադիոլուր»-ին ասաց, թե դա նշանակում է, որ ոչինչ չի փոխվել, որ վերադառնում ենք մինչ 2016 թվականի ապրիլն ընկած ժամանակահատված:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտնել են նաև փետրվարի սկզբին տարածաշրջան այցելելու մտադրության մասին և առաջիկա շաբաթների ընթացքում տեսնենք, թե որքանով առաջընթաց կգրանցի վերոնշյալ հարցերն առաջ մղելու գործում:




