

Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «ՊՊԾ-ը գունդը գրաված» 10-ը անդամի գործով դատական նիստը:
Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը կրկին միջնորդել է, որ իր պաշտպանյալին տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ:
Իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները հերթով են քնում, քանին որ սարսափելի իրավիճակ է այնտեղ:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «ՊՊԾ –ը գունդը գրաված 10 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալները լքել էին դատական նիստերի դահլիճը։
Նրանք բոյկոտով ցանկանում էին աջակցել հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դիմել էր Հանրային պաշտպանի գրասենյակ՝ ամբաստանյալներին հանրային պաշտպանի ծառայությունով ապահովելու համար։
Սակայն «ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները այսօր հերթով հրաժարվեցին հանրային պաշտպանների ծառայություններից։
ՊՊԾ գունդը գրավածները հայտարարեցին, որ ցանկանում են իրենց պաշտպանությամբ զբաղվեն այն փաստաբանները, որոնցից նախորդ դատական նիստին հրաժարվել էին։
Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը նիստի սկզբում ընկերների անունից շնորհակալություն հայտնեց Բիլյանին և Բարսեղյանին, որ լսեցին իրենց շտաբի պետ Մխիթար Ավետիսյանի խոսքը եւ դադարեցրին հացադուլը։ Բայց և շեշետեց, որ նրանց պահանջը մնում է ուժի մեջ։ Այն է՝ պետք է տեղափոխվեն Արմավիր ՔԿՀ։ Ու չնայած Հանրային պաշտպաններն էլ հրաժարվեցին ներգրավվել այս գործում, բայց դատարանը որոշեց՝ անկախ ամեն ինչից ներգրավել հանրային պաշտպաններին:
Այնուհետև նիստը ընդմիջվեց 10 րոպեով, սակայն այն նախատեսվածից երկար տևեց։ Հետո արդեն նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել Սմբատ Բարսեղյանի խնդրանքով: Դատավորի փոխանցմամբ՝ երեք անդամները՝ Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը և Արայիկ Խանդոյանը ենթարկվել են բուժզննման և նրանց բուժօգնություն է ցուցաբերվել:
Արդեն նիստի ժամանակ Արմեն Բիլյանի շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը կրկին միջնորդեց, որ իր պաշտպանյալին տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ: Փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները հերթով են քնում, որովհետև սարսափելի իրավիճակ է, հետևաբար Արմեն Բիլյանի հարցը հրատապ լուծում է պահանջում: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ասաց, որ միջնորդությունը կքննարկի ավելի ուշ:




