Քաղաքական

Ովքեր վատ են աշխատել՝ պետք է հեռանան, ասում է ՀՀԿ- ական պատգամավորը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Արդեն հետեւում մնացած նախագահական ընտրությունները ՀՀԿ կուսակցության անդամ Կարինե Աճեմյանի համար շատ թափանցիկ և ազատ էին: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց իր այս համոզմունքը: Այս ընթացքում բարձրաձայնվող խնդիրները նա առավել հակված է տեսնել  ՏԻՄ համակարգում:
Ըստ Կարինե Աճեմյանի` կան քաղաքապետեր և գյուղապետեր, որոնք թերացել են իրենց աշխատանքներում, և ժողովուրդն իր ձայնը Սերժ Սարգսյանին չտալով իր բողոքն է հայտնել քաղաքապետերից, գյուղապետերից, համայնքապետերից:
Դա, նրա համոզմամբ, նշանակում է, որ մարդիկ, ովքեր վատ են աշխատել, պետք է հեռանան: Սակայն ասվածը չի խանգարում Աճեմյանին շեշտել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման նախկին 5 տարիների ընթացքում համայնքներում, գյուղերում մեծ աշխատանքներ են կատարվել:
Միաժամանակ՝ ՀՀԿ ներկայացուցիչն իր կոչն ուղղեց «Ժառանգություն» կուսակցությանը՝ ի դեմս բանավեճին ներկա «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի` հստակեցնել իրենց քաղաքական գիծը և որոշակիացնել նպատակները:

Ի պատասխան` Թեւան Պողոսյանն ընդգծեց, որ չնայած որոշակի բարեփոխումների, այս ընտրությունները մինչև վերջ թափանցիկ չէին և թողեցին մեծ կասկածներ արդյունքների իմաստով: Բանախոսը վստահեցրեց, որ իրենց նախաձեռնած պայքարը լինելու է երկարատև, ինչի մասին նախօրեին հայտարարել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
Պատգամավորն ասաց, որ իրենք հետ չեն կանգնելու իրենց պայքարից և այն իրականացնելու են օրենքի սահմաններում: Նա փոխանցեց իր ներկայացրած քաղաքական ուժի պահանջը` այն քաղաքներում, որտեղ հրաժարականներ են տալու քաղաքապետերը, պահանջում ենք անցկացնել ՏԻՄ նոր ընտրություններ:
Թեւան Պողոսյանը վստահ է, որ այդ ընտրությունների արդյունքում հենց  «Ժառանգության» թեկնածուներն են դառնալու քաղաքապետեր և գյուղապետեր:

Back to top button