

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ «Լեռնագոգ 1» անվամբ հնավայրում հայտնաբերվել բնակատեղի, որը թվագրվում է ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով — 7-րդ հազարամյակի սկզբով:
Բնակատեղիում ապրող հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը՝ ամփոփելով 2017 թ.-ի աշխատանքները: Հնագետների գնահատմամբ՝ դա անցած տարի իրականացված հետազոտությունների փայլուն արդյունքն է:
Արմավիրի մարզում գտնվող «Լեռնագոգ 1» անվամբ հնավայրի անցած տարվա հետազոտություններն արձանագրել են փայլուն արդյունք: Առաջին անգամ մեր տարածաշրջանում հնագետներն արձանագրել են նստակյաց բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով — 7-րդ հազարամյակի սկզբով: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը շեշտեց, որ սա 2017 թ. ամենաերևելի փաստագրումն է, որ կատարվել է նաեւ միջազգային հնագետների մասնակցությամբ:
«Մինչ այդ Հայաստանի տարածքում հնագույն բնակատեղիների շերտերն առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել, ք.ա. 6-րդ հազարամյակի քառորդն էր»:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանի փոխանցմամբ՝ Լեռնագոգում կավից շինության հետքեր են հայտնաբերել: Հնավայրում հայտնաբերված բոլոր իրերի՝ ոսկրաբանական նյութերի, ածուխների ուսումնասիրությունը նույն ժամանակաշրջանի թվագրումն են ունեցել:
Թվագրումն, ի դեպ, կատարվել է տարբեր երկրների լաբորատորիաների ու մասնագետների կողմից ու այսօր հստակ կարող ենք ասել, որ Լեռնագոգի հնավայրը 8-րդ հազարամյակի վերջի — 7-րդ հազարամյակի սկզբի նստակյաց բնակատեղի է եղել, որտեղ հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետության՝ շեշտեց Արթուր Պետրոսյանը.
«Լեռնագոգի կարեւորությունը հենց դրանում է, որ մենք ոչ միայն գտել ենք 8-րդ հազարամյակի շերտեր, այլեւ մենք կարող ենք խոսել, որ 8-րդ հազարամյակում արդեն հասարակությունը տիրապետում էր որոշակի ճարտարապետության»:
Այժմ նախկինում հայտնաբերված եւ 6-րդ հազարամյակով թվագրված հնավայրերից զատ, 1000 տարի ավելի վաղ ժամանակների հնավայրի մասին է խոսքը՝ փաստի կարեւորությունը շեշտեց Պավել Ավետիսյանը: Հնագետի խոսքով՝ դա ապացուցում է, որ Հայկական լեռնաշխարհի այս հատվածները բնակեցնողները նեոլիթյան դարաշրջանի սկզբնափուլերում այդ գործընթացների ակտիվ մասնակիցն են եղել:
«Միջազգային գիտության մեջ տեսակետ կա, որ միջուկային գոտիներից այդ հմտությունները տարածվում էին Փոքր Ասիայով դեպի Եվրոպա: Ըստ էության, մենք այսօր փաստագրել ենք ժամանակակից Հայաստանի տարածքում հուշարձան, որն այդ ժամանակների է, այսինքն՝ միջուկային գոտիներին բնորոշ չափանիշներով հուշարձան ենք արձանագրել»:
Հնագիտական պեղումների մասնակիցներից, Ճապոնիայի Տոկայի համալսարանի հնագետ Մակոտո Արիմուրան արդեն 5 տարի է, ինչ մասնակցում է Հայաստանում միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքներին: Հնագիտական պեղումների մասնակցել է նաեւ տարբեր տարածաշրջաններում:
«Լեռնագոգից ստացված ռադիոածխածնային տվյալները փաստում են, որ հնավայրը 7-րդ հազարամյակի է: Այսինքն՝ ավելի վաղ շրջանի, քան Հարավային Կովկասում եւ ներկայիս Հայաստանի տարածքում մինչ այս գտնված հնավայրերն են: Ինձ համար ամենամեծ անակնկալն այն էր, որ Լեռնագոգում ճարտարապետություն հայտնաբերվեց: Կովկասում եւ այս տարածաշրջանում այդ ժամանակաշրջանով թվագրվող ճարտարապետություն առաջին անգամ է հանդիպում»:
Հնագետները մտահոգված են, որ այս եւ նման այլ հնավայրեր ոչնչացման վտանգի առջեւ են: Հիմա հերթը Մշակույթի նախարարությանն է, որպեսզի այս հնավայրը ընդգրկվի ցուցակներում և պահպանվի պետության կողմից՝ եզրափակեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:




