

Երկարատեւ քննարկումներից, բանավեճերից հետո Աժ լիագումար նիստի օրակարգ մտավ եզդիների ցեղասպանությանը դատապարտող հայտարարության նախագիծը։ Այսօր այն քննարկման առարկա էր դարձել խորհրդարանական հանձնաժողովներում:
Հիշեցնենք, որ 2014 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախաձեռնած վայրագությունների արդյունքում սպանվեցին եւ գերեվարվեցին հազարավոր եզդիներ:
Անգամ այսօր հայտնի չէ զոհերի իրական թիվը: Հայաստանի խորհրդարանում փորձում են խնդրին մոտենալ այնպես, որպեսզի այն չվնասի ոչ հայ, ոչ եզդի ժողովուրդներին:
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանն այսօր Աժ-ում հանձնաժողովից հանձնաժողով էր գնում իր համար կարեւորագույն հարց ներկայացնելու համար:
Նախորդ գումարման Աժ-ից դեռեւս խմորվում էր Հյուսիսային Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների ցեղասպանության դատապարտման բանաձեւի ընդունման հարցը:
Այն հասունացավ միայն այս գումարման խորհրդարանում եւ այսօր արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովներում համապատասխան հայտարարության տեքստը դրական եզրակացության արժանացավ եւ մտավ լիագումար նիստի օրակարգ:
Հենց այս հարցը ներկայացնելու համար գլխավոր զեկուցող է ընտրվել Ռուստամ Մախմուդյանը:
Եզդիների ցեղասպանության բանաձեւեր եւ հայտարարություններ ընդունել են ԵԽԽՎ-ն, ԱՄՆ Կոնգրեսը, Մեծ Բրիտանիայի, Կանադայի Համայնքների պալատները, Ֆրանսիայի Սենատը եւ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:
Մեզ մոտ նախորդ խորհրդարանում հարցի ջատագովն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Նոր տեքստի հեղինակն արդեն հանրապետական խմբակցության պատգամավորներն են: Փաստը, թերեւս, ի ցույց է դնում խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը քննարկվելիք հարցի վերաբերյալ:
Եզդիների ցեղասպանությանն առնչվող հայտարարությունը, սակայն, կուսակցական պատկանելիության խնդիր չունի: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան:
Հարցի քննարկումը Հայաստանի խորհրդարանում արդեն հստակեցված է, մնում են խմբագրական շտկումները՝ հետագայում ոչ հայ համայնքի, ոչ էլ ընդհանրապես եզդի ժողովրդի իրավունքներն Իրաքում չվնասելու համար: Այս հարցերին հատկապես ուշադրություն հրավիրվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ:
Իրաքի Հանրապետության ղեկավարությունը տեղյակ է Հայաստանի խորհրդարանում մեկնարկած գործընթացից: Իրաքի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի պատվիրակությանը հայաստանյան այցի ժամանակ ներկայացվել է խնդիրը։ Վերաբերմունքը դրական է: Իսկ Հայաստանի արտգործնախարարության վերաբերմունքը գործընթացի առնչությամբ խորհրդարանին փոխանցեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Արտգործնախարարության համար նաեւ կարեւոր է նրբանկատ ձեւակերպումը՝ մեղադրանքներում Իրաք պետությանը չներքաշելու համար: Հայտարարության տեսքի հեղինակները խոստացան մինչեւ լիագումար նիստ փոփոխել նախնական տեքստը եւ հաշվի առնել երկու հանձնաժողովներում հնչած բոլոր առաջարկությունները:




